Ֆրանսիայում 300 կիլոգրամ քաշով տղամարդուն տնից դուրս են բերել վերամբարձ կռունկով

19:58   02 Դեկտեմբեր 2020    156

Փրկարարները Ֆրանսիայի հարավի Պերպինիան քաղաքում մի քանի ժամ տեւող գործողության ժամանակ գործի են դրել շինարարական կռունկ՝ բնակարանից 300 կիլոգրամ քաշ ունեցող տղամարդուն դուրս բերելու համար:

Այդ մասին հաղորդել է France3 Occitanie տեղական հեռուստաալիքը:

Հոկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ ավելորդ քաշ ունեցող Պերպինիան քաղաքի բնակիչն ավելի քան մեկ տարի չի կարողացել իր բնակարանից դուրս գալ, իսկ նրա փաստաբանը գանգատ է ներկայացրել ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենին: Ալեն անունով տղամարդը քաղաքային իշխանությունների օգնությանն էր սպասում 2019 թվականի հուլիսից: Այն ժամանակ նա ընկել էր եւ կոտրել իր ազդրը՝ արգելափակված մնալով իր բնակարանում: Դեկտեմբերի 1-ին իրականացված փրկարարական գործողությանը մասնակցել է շուրջ 50 մարդ՝ ոստիկաններ, հրշեջներ, բժիշկներ եւ քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրա անցկացումը դժվարացրել է նեղ փողոցը, որտեղ գտնվում էր Ալենի տունը: Նրա բնակարանի պատուհանը հարկադրված են եղել լայնացնել ճակատի մասնակի քանդման գնով: Շենքի բնակիչները ժամանակավորապես տարհանվել են: Գործողությունն սկսելուց մի քանի ժամ անց Ալենին տեղավորել են հատուկ կոնտեյների մեջ, որն ամբարձիչի օգնությամբ բարձրացվել է պատուհանի մակարդակի:

Ներքեւում կոնտեյներն անմիջապես տեղավորել են շտապ օգնության մեքենայի մեջ: Տղամարդուն տեղափոխել են Մոնպելյե քաղաքի հիվանդանոց: Սպասվում է, որ բազմակողմանի բուժզննումից եւ անհրաժեշտ բուժումից հետո Ալենին կտեղավորեն Տուլուզի մասնագիտացված կենտրոն, որը նախատեսված է ավելորդ քաշից տառապող մարդկանց համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները