«Pfizer»-ը մինչև տարեվերջ պատվաստանյութի կրկնակի պակաս չափաբաժին կարտադրի, քան պլանավորում էր

16:08   04 Դեկտեմբեր 2020    147

«Pfizer» ընկերությունը մինչև 2020 թվականի վերջը կկարողանա պլանավորած 100 միլիոնի փոխարեն արտադրել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 մլն չափաբաժին՝ անհրաժեշտ նյութերի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:

Այդ մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրի:

«Մենք ուշացել ենք: Նյութերի առանձին խմբաքանակներ, ինչպես պարզվել է, չեն համապատասխանել մեր ստանդարտներին: Մենք լուծել ենք այդ խնդիրը, սակայն ժամանակ չունենք, որպեսզի մատակարարումների պլանը կատարենք այս տարի»,-հրատարակությանն ասել է աղբյուրը, որը մասնակցում է պատվաստանյութի վրա աշխատանքին:

Հրատարակության զրուցակիցը պարզաբանել է, որ այս պատվաստանյութի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումների կազմակերպումն անցկացվել է արագացված տեմպերով: «Այս դեպքում ամեն բան կատարվել է միաժամանակ. մենք բաղադրիչների մատակարարումների համակարգի վրա սկսել ենք աշխատել մարտին, երբ պատվաստանյութի մշակումը չէր ավարտվել: Դա միանգամայն աննախադեպ է»,-ասել է նա:

Թերթը պարզաբանում է, որ սովորաբար ընկերություններն սկզբում մշակում են պատվաստանյութը, ստանում են օգտագործման թույլտվություն, իսկ արդեն հետագայում կարգավորում արտադրության համար անհրաժեշտ ամեն ինչի մատակարարումները: Իսկ COVID-19-ի դեպքում հարկ եղավ ամեն բան անել շատ սեղմ ժամկետներում և պատրաստվել զանգվածային արտադրության՝ չսպասելով պատվաստանյութի մշակումն ավարտելուն: Pfizer-ը պատվաստանյութը մշակել է գերմանական BioNtech-ի հետ համատեղ:

Պատրաստուկը կիրառման թույլտվություն է ստացել Մեծ Բրիտանիայում: Սպասվում է, որ այն շուտով նույնպիսի թույլտվություն կստանա ԵՄ-ի երկրներում և ԱՄՆ-ում: Ամերիկյան ԶԼՄ-ները պարզաբանում են, որ պատվաստման ժամանակ կպահանջվի երկու ներարկում: Ուստի 50 մլն չափաբաժինը կբավականացնի 25 մլն մարդու պատվաստման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Pfizer  


Վերնագիրի այլ պիտակները