Bloomberg-ը ներկայացրել է 2020 թվականի «գլխավոր մարդկանց» ցուցակը

08:59   05 Դեկտեմբեր 2020    131

Bloomberg գործակալությունը կազմել է այն մարդկանց ցուցակը, որոնք որոշիչ դերակատարում են ունեցել «աննախադեպ» 2020 թվականին:

Ամենամյա թվով չորրորդ ցուցակը բաժանվել է հինգ անվանակարգերի. քաղաքականություն, բիզնես, ֆինանսներ, ժամանց, գիտություն և տեխնոլոգիաներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Քաղաքականություն» բաժնում է հայտնվել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Պարբերականը նաև նշել է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զեյդ Ալ Նահայանի՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ունեցած ներդրումը: Բացի այդ, անվանակարգում ընդգրկված են նաև լայն տարածում ստացած Black Lives Matter շարժման համահիմնադիրները և ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը:

«Բիզնես» անվանակարգում են ընդգրկված Netflix հոսքային ծառայության ղեկավարներից Ռիդ Հասթինգսը և սթրիմեր Viya-ն:

Գործակալությունը «Ֆինանսներ» անվանակարգում է ներառել աշխարհի խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկի՝ Citigroup Inc.-ի ղեկավար Ջեյն Ֆրեյզերին, ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևային և Morgan Stanley-ի գործադիր տնօրեն Ջեյմս Գորմանին:

Bloomberg-ը նշել է նաև «Գիտության և տեխնոլոգիաների» ոլորտում այն մարդկանց ձեռքբերումները, որոնց գործունեությունն ուղղված է եղել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Մասնավորապես, այս անվանակարգում են ընդգրկված ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, ԱՄՆ-ում համաճարակաբանական իրավիճակը վերահսկող Covid Tracking Project նախագծի ստեղծողները, ինչպես նաև գիտնականներ, որոնք մասնակցել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանը:

«Ժամանց» անվանակարգում են «Պարազիտներ» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Պոն Ջուն-հոն և երգչուհի Բիլլի Այլիշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները