Գիտնականները Կալիֆոռնիայում մասշտաբային տարերային աղետ են կանխատեսել

12:42   05 Դեկտեմբեր 2020    166

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կանխատեսվում է մասշտաբային տարերային աղետ՝ «մեգափոթորիկ», որը կարող է շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ քան երկրի արևմտյան ափին բնորոշ երկրաշարժերն ու անտառային հրդեհները:

Գիտնականները վախենում են 1861-1862 թվականների ձմռանը Կալիֆոռնիայում տեղի ունեցած կատակլիզմի կրկնությունից։ Ինչպես հեռուսաալիքի հետ զրույցում նշել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի կլիմայագետ Դենիել Սուեյնը, այն ժամանակ մի քանի շաբաթ չդադարող անձրևների պատճառով նահանգի կենտրոնական հատվածի հովտի զգալի մասը ջրի տակ էր հայտնվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ջրի հոսքերը ձևավորել էին ներքին «ծով», որն ուներ մոտ 64 կմ լայնություն և 241 կմ երկարություն։ ԱՄՆ երկրաբանական ծառայության սեյսմոլոգ Լյուսի Ջոնսի խոսքով՝ ջրհեղեղի հետևանքով վնասվել էին Կալիֆոռնիայի բոլոր տների քառորդ մասը։ Կատակլիզմի հետևանքներն այնքան աղետալի էին, որ իշխանություններն ստիպված էին ժամանակավոր տեղափոխել նահանգի մայրաքաղաքը Սակրամենտոյից։

Հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ վերջին 1 800 տարվա ընթացքում Կալիֆոռնիայում վեց «մեգափոթորիկ» է տեղի ունեցել, որոնք շատ ավելի մասշտաբային էին, քան 1861-1862 թվականների տարերային աղետը։

Սուեյնն ընդգծել է, որ գիտական վերջին տվյալներով՝ «մեգափոթորիկները» տեղի են ունենում յուրաքանչյուր 200 տարին մեկ, ինչը նշանակում է, որ հաջորդ աղետը կարող է տեղի ունենալ մոտակա 40 տարվա ընթացքում։ Գիտնականները ենթադրում են, որ նոր «մեգափոթորկի» հետևանքով կարող է մահանալ նահանգի բնակչության 1%-ը (395 հազար մարդ), իսկ 1,5 միլիոն բնակիչ ստիպված է լինելու տարհանվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները