«Twitter»-ը ժամանակավորապես արգելափակել է հանրապետական կոնգրեսականի օգտահաշիվը

10:18   18 Հունվար 2021    146

«Twitter» սոցիալական ցանցը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինի օգտահաշիվը։

Կոնգրեսականի խոսքով՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփին առցանց հարթակից հեռացնելով՝ ԱՄՆ-ում խոսքի ազատության դեմ սկսած արշավից օրեր անց «Twitter-ն, առանց բացատրություններ տալու, այժմ արգելափակել է իր օգտահաշիվը»։ Նրա խոսքով՝ «Կոնգրեսը ԱՄՆ-ում խոսքի ազատությունը պաշտպանելու համար պետք է արագ գործի»։

«Գրաքննությունը պետք է դադարի»,- ընդգծել է հանրապետականը։

Ինչպես CNN հեռուստաալիքին հայտնել է Twitter-ի ներկայացուցիչը, արգելափակումն արվել է ընկերության քաղաքականության «բազմաթիվ խախտումների» պատճառով: Այն կվերականգնվի 12 ժամ անց։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Գրինը QAnon դավադրության տեսության կողմնակից է, որի համաձայն՝ աշխարհում գոյություն ունի երեխաների սեռական շահագործման ընդլայնված ցանց, և որում, իբր, ներգրավված են Դեմոկրատական կուսակցության առաջնորդներ և շատ այլ ամերիկացի հայտնիներ, իսկ Դոնալդ Թրամփը ձգտում է բացահայտել այդ ցանցը:

Շարժման կողմնակիցները մասնակցել են 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակմանը։ 2020 թվականի հոկտեմբերին YouTube-ը հայտարարել էր, որ արգելափակել է QAnon-ի տասնյակ հազարավոր տեսանյութեր և փակել շարժման կողմից օգտագործվող ալիքները։

Ավելի վաղ Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել էր, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հաջորդ օրը՝ հունվարի 21-ին պատրասվում է հանդես գալ Կոնգրեսում նրա նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու առաջարկով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները