Ինդոնեզիայում տարերային աղետների զոհերի թիվը հասել Է 96-ի

10:21   18 Հունվար 2021    144

Անցյալ շաբաթ Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսիի եւ Հարավային Կալիմանտանի նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի եւ հեղեղումների զոհ Է դարձել առնվազն 96 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցչին:

Ընդհանուր առմամբ 81 մարդ մահացել Է հունվարի 14-ին եւ 15-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժի եւ 5,9 մագնիտուդով հետցնցման հետեւանքով: Հունվարի 14-ին տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումները 15 բնակիչների մահվան պատճառ են դարձել Հարավային Կալիմանատանի նահանգում, հայտարարել Է գործակալության մամուլի քարտուղար Ռադիթյա Ջաթին: Նրա խոսքով՝ նահանգի իշխանությունները շուրջ 70 հազար մարդ են տարահանել աղետի գոտուց: Արեւմտյան Սուլավեսիում երկրաշարժից ավերվել Է հազարից ավելի բնակելի տուն, նահանգում փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հունվարի 15-ին տեղական ժամանակով մոտավորապես 2:28-ին (Երեւանի ժամանակով հունվարի 14-ի 22:28-ին) 6,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Արեւմտյան Սուլավեսիում: Էպիկենտրոնը գտնվել Է Մաջենեի շրջանից 6 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք, օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Հունվարի 14-ին տեղական ժամանակով 14:35-ին նույն շրջանում տեղի Է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ: Հունվարի 14-ից ի վեր տեղի սեյսմոլոգիական ծառայությունը գրանցել Է 28 հետցնցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները