«Հայտարարություններն առ այն, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, անհեթեթություն են»․ Զարիֆը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

12:03   18 Հունվար 2021    171

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրեին հակադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանը գտնվում է միջուկային զենքի ստեղծման փուլում՝ այդ հայտարարությունը որակելով «անհեթեթություն», գրում է «Reuters» գործակալությունը։



Ժան Իվ Լը Դրիանը Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը, հայտարարել էր, որ Իրանը մեծացնում է իր միջուկային ներուժը, և որ Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է շտապ վերադառնան 2015 թվականի միջուկային համաձայնագրին:

«Հարգելի գործընկեր, դուք նախարարների կաբինետում ձեր կարիերան սկսել եք սաուդցի ռազմական հանցագործներին զենք վաճառելով։ Խուսափեք Իրանի մասին անհեթեթություններ հնչեցնելուց»,- ի պատասխան Twitter-ում գրել է Զարիֆը՝ հավելելով․ «Փաստերի ստուգում. դուք ապակայունացնում եք մեր տարածաշրջանը։ Դադարե՛ք պաշտպանել հանցագործներին, որոնք շղթայաձև մաքրում են իրենց քննադատներին, և օգտագործում ձեր զենքը՝ Եմենում երեխաներին սպանելու համար»։

2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:

Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իշխանության գալուց հետո մտադիր է վերադառնալ Իրանի հետ միջուկային ծրագրին։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները