«Բայդենը պետք է անվերապահորեն վերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին». Իրան Մեջլիսի բարձրաստիճան անդամ

14:05   18 Հունվար 2021    227

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին, կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենին անվերապահորեն վերադառնալ 2015 թվականին կնքված իրանական միջուկային համաձայնագրին, հայտնում է «Tehran Times» լրատվականը:

Օրենսդիրն ասել է, որ եթե Բայդենն անվերապահորեն վերադառնա միջուկային համաձայնագրին, որը պաշտոնապես կոչվում է Գործողության համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA), ապա Իրանը նույնպես կկատարի գործարքի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները:

«Բայց եթե արևմտյան կողմերը բարձրացնեն բանակցությունների հարցը և ավելի շատ ժամանակ կորցնեն, դա, իհարկե, օգուտ չի տա Իրանին», - կիրակի օրը Tasnim լրատվական գործակալությանն ասել է Հեյդարին:

Ընդգծելով, որ համաձայնագրի պահպանման հարցում, Իրանի հիմնական նպատակը պատժամիջոցների վերացումն է, նա ասել է, որ եթե Թրամփի օրոք իրանական ազգի նկատմամբ կիրառված դաժան պատժամիջոցները չչեղարկվեն, ապա համաձայնագիրն, անշուշտ, կվնասի Իրանին:

Օրենսդիրը նշել է, որ Իրանը և P5 + 1(Իրանի միջուկային համաձայնագրի անդամ երկրներ) երկրները պարտավորվել են կատարել համաձայնագրի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կատարեց այդ պարտավորությունները, բայց Միացյալ Նահանգները դուրս եկավ այս միջազգային համաձայնագրից, և եվրոպացիները Սպիտակ տան ճնշման ներքո չկատարեցին իրենց պարտավորությունները` համաձայնագիրը ոչնչացման մոտեցնելով», - նկատել է Հեյդարին՝ նշելով, որ միջուկային գործարքի արևմտյան կողմերը հրաժարվել են իրենց ստանձնած պարտավորություններից, մինչդեռ Իրանը հստակորեն կատարել է իր ստանձնած պարտավորությունները:

Խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ համաձայնագրի շրջանակներում ենթադրվում էր, որե Իրանի բանկային գործարքների, ապահովագրության, ավիացիայի և ծովային արդյունաբերության նկատմամբ կիրառված սահմանափակումները պետք է վերացվեին, սակայն համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո այդ սահմանափակումները մնացել են, ինչն Իրանին դրդել է հրաժարվել իր պարտավորությունների մասի կատարումից: Հեյդարիի խոսքով, Իրանի լավագույն պատասխանը երկրի խորհրչդարանի կողմից նոյեմբերի սկզբին ընդունված միջուկային օրենքի կիրառումն է:

Միջուկային օրենքը, որը պաշտոնապես կոչվում է «Պատժամիջոցները հանելու և ազգի իրավունքները պաշտպանելու ռազմավարական միջոց», նախանշում է Իրանի քայլ առ քայլ իրականացվելիք ռազմավարությունը, որը նպատակ ունի ավելացնել միջուկային գործունեությունը` Արևմուտքին ստիպելով վերանայել Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը: Այն նախատեսում է, որ Իրանի կառավարությունը պետք է ձեռնարկի որոշակի միջուկային միջոցառումներ, ինչպիսիք են ուրանի հարստացման մակարդակը 20 տոկոսի հասցնելը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի Լրացուցիչ արձանագրության կամավոր իրականացման դադարեցումը մի քանի ամիս անց, եթե արևմտյան կողմերը ձախողեն համաձայնագրով սահմանված իրենց պարտավորությունների կատարումը:

Հունվարի սկզբին Իրանը բարձրացրել էր ուրանի հարստացման մակարդակը`այն հասցնելով 20 տոկոսի, որը, ըստ Հեյդարիի, տեղի է ունեցել ՄԱԿ-ի հսկողության ներքո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները