Facebook-ը եւ Instagram-ը ներկայացուցչություններ կբացեն Թուրքիայում

08:41   19 Հունվար 2021    143

Facebook-ը եւ Instagram-ը ներկայացուցչություններ կբացեն Թուրքիայում` սոցիալական ցանցերի կարգավորման մասին հանրապետության նոր օրենքի համաձայն, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավարի տեղակալ Օմեր Ֆաթիհ Սայիանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Գովազդի արգելքը մտցնելուց մեկ օր առաջ ես ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել լավ նորությունների մասին: Facebook-ը եւ Instagram-ը հայտարարել են, որ մեր երկրում ներկայացուցչություններ կբացեն՝ 7253-րդ օրենքի (սոցիալական ցանցերի կարգավորման մասին) համաձայն, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից»,- ասվում է Սայիանի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոյեմբերին Facebook, Instagram, Twitter, YouTube, Periscope եւ TikTok սոցիալական ցանցերը 10 միլիոն թուրքական լիրայով (մոտ 1,2 միլիոն դոլար) տուգանվել էին Թուրքիայի իշխանությունների կողմից՝ երկրում իրենց ներկայացուցիչների մասին ժամանակին տեղեկատվություն չտրամադրելու համար:

Հուլիսին Թուրքիայի խորհրդարանը ընդունել էր սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրենք, ըստ որի՝ ավելի քան 1 միլիոն օգտագործող ունեցող մեծ սոցիալական ցանցերը պետք է ներկայացուցչություն ունենան Թուրքիայում, որի ղեկավարը պետք է լինի նրա քաղաքացին:

Թուրքիայի իշխանությունների կողմից վիրավորական եւ զրպարտիչ համարվող գրառումները առանց դատարանի որոշման պետք է հեռացվեն 48 ժամվա ընթացքում: Եթե բովանդակության հեռացման եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչների նշանակման պահանջները չբավարարվեն, մեծ տուգանքներ կսահմանվեն, ինչպես նաեւ նախատեսված են թրաֆիքի զգալի կրճատումներ: Օրինագիծը պահանջում է, որ ընկերությունները իրենց թուրք հաճախորդների բոլոր տվյալները պահեն Թուրքիայի տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Instagram  


Վերնագիրի այլ պիտակները