Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի կայքում հրապարակվել է Թրամփին հիշեցնող գոլֆիստի լուսանկար

15:37   23 Հունվար 2021    278

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի կայքում ուրբաթ օրը հրապարակվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնող գոլֆիստի լուսանկար, որը ենթադրաբար ստացվել է անօդաչու թռչող սարքից:

Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության՝ լուսանկարը հրապարակվել է որպես վրեժխնդրության սպառնալիք՝ իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատկերը, որը հղում է պարունակել դեպի Այաթոլլա Ալի Խամենեի պաշտոնական կայք, ուրբաթ օրն առաջին անգամ հայտնվել է իրանալեզու Twitter-ում:

Կայքում պատկերի բնութագրության բաժնում նշված են եղել Խամենեիի դեկտեմբերին հնչեցրած խոսքերը՝ Իրաքում գլխավոր ռազմական հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցին ընդառաջ, որը պատվիրել էր Թրամփը:

«Ե՛վ մարդասպանները, և՛ դա պատվիրողները պետք է իմանան, որ վրեժխնդրությունը կարող է ցանկացած պահի լինել», - ասվում է պատկերի վերևում հրապարակված տեքստում, որում երևում էր անօդաչու թռչող սարքի ստվերը միայնակ գոլֆիստի վրա:

Գրառման մեջ Թրամփի անունը չի նշվել:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-Իրան լարվածությունն արագորեն թափ է ստացել 2018 թվականից հետո, երբ Թրամփը դուրս է եկել Թեհրանի և վեց համաշխարհային տերությունների միջև 2015 թ. միջուկային համաձայնագրից և վերականգնել է պատժամիջոցները:

Թեհրանը վրեժ է լուծել Իրաքում Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելով, բայց երկու կողմերը դեռևս հետ են կանգնել առճակատումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները