Ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի միջոցառմանը՝ Սի Ծինփինը Covid-19-ի պատճառած տնտեսական ճգնաժամի լուծման բազմակողմանի մոտեցման կոչ է արել։
«Նեղ շրջանակներ կառուցել կամ նոր սառը պատերազմ սկսել, մերժել, սպառնալ կամ վախեցնել ուրիշներին, դիտավորյալ տարանջատել, խափանել մատակարարումները կամ պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաև մեկուսացնել կամ օտարել․ այս ամենն աշխարհը միայն պառակտման և նույնիսկ առճակատման կհանգեցնի»,- ասել է Սի Ծինփինը՝ ակնհայտորեն նկատի ունենալով ԱՄՆ-ն։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ «ոչ մի գլոբալ խնդիր չի կարող լուծվել մի երկրի կողմից։ Պետք է լինեն գլոբալ գործողություններ, գլոբալ պատասխան միջոցներ և գլոբալ համագործակցություն»։
«Մենք պետք է կառուցենք բաց համաշխարհային տնտեսություն, պահպանենք բազմակողմ առևտրային ռեժիմ, հրաժարվենք խտրական չափանիշներից, կանոններից և համակարգերից, և առևտրի, ներդրումների և տեխնոլոգիական փոխանակումների ոլորտում վերացնենք խոչընդոտները»,- ասել է նա։
Սի Ծինփինը նաև նշել է, որ «աշխարհում երկու միանման տերև չկա, և չկան միանման պատմություններ, մշակույթներ կամ սոցիալական համակարգեր։ Յուրաքանչյուր երկիր եզակի է իր պատմությամբ, մշակույթով և սոցիալական համակարգով, և նրանցից ոչ մեկը չի գերազանցում մյուսին»։
«Տարբերությունն ինքնին անհանգստության պատճառ չէ։ Անհանգստության պատճառ է ամբարտավանությունը, նախապաշարմունքը և ատելությունը, մարդկային քաղաքակրթության հիերարխիա պարտադրելու կամ ուրիշներին սեփական պատմությունը, մշակույթը և սոցիալական համակարգը պարտադրելու պրակտիկան»,- հավելել է Չինաստանի նախագահը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սի-Ծինփին
Բայդեն