«Հրվ. Կորեան և ԱՄՆ-ն պայմանավորվել են միասին աշխատել ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման ուղղությամբ»․ Հրվ. Կորեայի ԱԳՆ

09:37   27 Հունվար 2021    133

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն Կորեական թերակղզու հրթիռամիջուկային խնդրի լուծման ուղղությամբ։

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Կան Գեն Հվան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նման համաձայնության են եկել հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը հրատապ լուծում է պահանջում և պայմանավորվել են սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ զրույցի ընթացքում Կան Գեն Հվան շնորհավորել է Բլինկենին ԱՄՆ-ի Սենատի կողմից Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ՝ նշելով, որ նա խորն ըմբռնում ունի երկկողմ ռազմաքաղաքական դաշինքի գործունեության, ինչպես նաև Կորեական թերակղզու խնդիրների հետ կապված հարցերի շուրջ:

Նախարարները նաև պայմանավորվել են համագործակցել գլոբալ մարտահրավերների՝ կլիմայի փոփոխության և կորոնավիրուսի համավարակի դեմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում հաստատել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը։ 58-ամյա Բլինկենի երդմնակալությունը տեղի կունենա մոտ օրերս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները