Նավալնիի ենթադրյալ թունավորման առանչությամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են կիրառվել այսօր

11:43   02 Մարտ 2021    151

Ակնկալվում է, որ արդեն այսօր ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի ենթադրյալ թունավորման առչնությամբ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրների խոսքերը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը, ինչպես նկատում է գործակալությունը, շատ ավելի կոշտ դիրքորոշում է արտացոլում, քան նրա նախորդինը՝ Դոնալդ Թրամփինը, որը թույլ էր տվել անցյալ օգոստոսին միջադեպը հարթել առանց ԱՄՆ պատժիչ գործողությունների:

Անանուն աղբյուրները շեշտել են, որ ԱՄՆ-ն ակնկալում է գործել երկու գործադիր հրամաններով՝ համար 13661-ով, որը տրվել է Ռուսաստանի կողմից Ղրիմ ներխուժելուց հետո և լայն լիազորություններ է սահմանում ռուսաստանցի պաշտոնյաներին թիրախավորելու համար, և 13382-ով, որը ստորագրվել է 2005 թվականին՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարելու նպատակով:

Նշենք՝ երկու հրամաններն էլ թույլ են տալիս Միացյալ Նահանգներին սառեցնել թիրախավորված անձանց ԱՄՆ-ում գտնվող ակտիվները:

Աղբյուրները պարզաբանել են նաև, որ Բայդենի վարչակազմը նախատեսում է գործել 1991 թ. ԱՄՆ քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և պատերազմի վերացման ակտի շրջանակներում, որը նախատեսում է մի շարք պատժիչ միջոցառումների ցանկ:

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ որոշ անձինք պատժամիջոցների թիրախ կդառնան, որոնց մասին կհայտարարվի այսօր: Այնուամենայնիվ, աղբյուրները հրաժարվել են հայտնել այդ մարդկանց անունները կամ նշել, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:

Նրանք միայն մանրամասնել են, որ ԱՄՆ գործողությունները կարող են համաձայնեցվել Եվրամիության կողմից կիրառվելիք պատժամիջոցների հետ:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է:

Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել այն իրական դատավճռով, այն է՝ 3,5 տարվա ազատազրկում: Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին` Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապօգնության հիվանդանոց:

Երկու օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն ցանկացել են թունավորել ՌԴ գործող իշխանությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները