Անջելինա Ջոլին ռեկորդային գնով վաճառել է Չերչիլի կտավը

18:08   02 Մարտ 2021    158

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ռեկորդային 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի «Կուտուբիա մզկիթի աշտարակը» կտավը, որը վերջինս նվիրել էր ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, ասվում է Christie's աճուրդի տան պաշտոնական կայքում, գրում է CNN-ը:

Նշվում է՝ կտավի նախնական արժեքը գնահատվել է 2-3,4 միլիոն ԱՄՆ դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ կայքում հրապարակված տվյալների՝ Չերչիլը կտավը նկարել և նվիրել է Ռուզվելտին 1943 թվականին, որից հետո այն ժառանգել է նրա որդին՝ Էլիոտը: Հետագայում այն պատկանել է մի շարք սեփականատերերի և ցուցադրվել է մի քանի ցուցահանդեսներում, իսկ Ջոլի ընտանիքն այն ձեռք է բերել 2011 թվականին: Աճուրդի տան տեղեկություններով՝ «Կուտուբիա մզկիթի աշտարակը» Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Չերչիլի նկարած միակ կտավն է:

Դրանում պատկերված է Մարոկկոյի Մարաքեշ կայսերական քաղաքի`12-րդ դարում կառուցված ամենամեծ մզկիթի մայրամուտը, որի ֆոնին սարեր են: Ենթադրաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետը նկարել է այս կտավը 1943 թվականին Կասաբլանկայի խորհրդաժողովից հետո, այնուհետև այն որպես հուշանվեր տվել է ԱՄՆ նախագահին:

Գնորդի ինքնությունը դեռևս անհայտ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները