Բայդենը հույս է հայտնել, որ մեկ տարի անց ԱՄՆ-ն կվերադառնա բնականոն կյանքին

17:22   03 Մարտ 2021    317

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ մեկ տարի անց ամերիկացիները կվերադառնան այն կյանքին, որը եղել է մինչ կորոնավիրուսի համավարակի սկիզբը:

Սպիտակ տանը ելույթի ժամանակ պետության ղեկավարին հարցրել են, թե երբ երկիրը բնականոն կյանքին կվերադառնա: «Ինձ զգուշացրել են, որպեսզի այս հարցին չպատասխանեմ, քանի որ մենք հաստատ ոչինչ չգիտենք: Բայց հուսով եմ, որ հաջորդ տարի այս ժամանակ (գարուն) մենք բնականոն կյանքին կվերադառնանք»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը:

Բայդենը կրկին քննադատել է 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի` կորոնավիրուսի դեպ պայքարի դեպ քայլերը. «Մենք առաջընթաց ենք գրանցում մեր ժառանգած խառնաշփոթից»: Այդուհանդերձ, շարունակել է Սպիտակ տան ղեկավարը. «Իրավիճակը կարող է նորից սրվել»: Նա հավելել է, որ իր վարչակազմը «երբեք թեթեամիտ վերաբերմունք չի դրսեւորի ներկայիս առողջապահական ճգնաժամի նկատմամբ»: «Այժմ զգոնությունը կորցնելու ժամանակը չէ»,- ընդգծել է Բայդենը` անդրադառնալով պաշտպանիչ դիմակներ կրելու անհրաժեշտությանը:

Նախագահին նաեւ հարցրել են` արդյո՞ք նա կարծում է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ճգնաժամ է: «Ոչ, մենք կկարողանանք հաղթահարել դա` Աստծո օգնությամբ»,- պատասխանել է պետության ղեկավարը:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով` ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 28.7 միլիոն դեպք է գրանցվել, մահացել է գրեթե 516 հազար մարդ: Երկու ցուցանիշներով էլ երկիրն առաջին տեղում է աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները