ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել ոստիկանական բարեփոխումների մասին օրինագծին

12:29   04 Մարտ 2021    297

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը ենթադրում է ոստիկանական լայն բարեփոխումներ:

«Ոստիկանությունում արդարադատության մասին Ջորջ Ֆլոյդի անվան ակտը» Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներն ի սկզբանե ներկայացրել և ընդունել էին անցյալ տարի՝ աֆրոամերիկացի Ֆլոյդի մահից հետո, սակայն այն այդպես էլ չէր ընդունվել Սենատում, որտեղ մեծամասնություն էին կազմում հանրապետականները։

Ներկայացուցիչների պալատում օրինագծին կողմ է քվեարկել 220 պատգամավոր, դեմ է եղել 212-ը:

Օրինագիծն արգելում է կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք կարող են հանգեցնել շնչահեղձության, կասկածյալներին ընտրել կրոնական կամ ռասայական հատկանիշով: Օրինագիծը նաև ենթադրում է ոստիկանության չարաշահումների վերաբերյալ տվյալների համազգային բազայի ստեղծում։

Օրինագիծը, որը վայելում է նախագահ Ջո Բայդենի աջակցությունը, կներկայացվի Սենատի քննարկմանը։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: 2020-ի մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:

Կատարվածից զայրացած ամերիկացիներն ամիսներ շարունակ բողոքի ցույցեր են իրականացրել երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները