ԱՄՆ-ում որսորդները 60 ժամում ավելի քան 200 գայլ են սպանել` առաջացնելով մարդկանց դժգոհությունը

13:18   04 Մարտ 2021    334

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում որսորդների կողմից 60 ժամից էլ պակաս ժամանակահատվածում 216 գորշ գայլերի սպանությունը հասարակության և վայրի բնության կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ վրդովմունքի պատճառ է դարձել:

Կենդանիների սպանության մակարդակը գերազանցել է նահանգի ողջ տարածքում քվոտայի (քանակական սահմանափակման,-խմբ.) ամսական սահմանը՝ ստիպելով տեղական իշխանություններին ժամանակացույցից շուտ ավարտել որսաշրջանը։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, անցյալ շաբաթվա ընթացքում Վիսկոնսինում որսորդները սպանել են ընդհանուր առմամբ 216 գորշ գայլերի, որը շուրջ 82 տոկոսով ավելի է, քան իշխանությունների կողմից այս կենդանիների համար սահմանված քվոտան: Ըստ Milwaukee Journal Sentinel պարբերականի՝ գիշատիչների մեծ մասը սպանվել է որսորդների կողմից՝ որսորդական շների օգտագործմամբ։

Նշվում է՝ երկրի բնական ռեսուրսների վարչության պաշտոնյաներն արդեն իսկ տրամադրել են 1547 որսորդական թույլտվություն, այսինքն՝ միջին հաշվով ամեն 13 որսորդից մեկին թույլ է տրվել որս իրականացնել։ Միևնույն ժամանակ, պետական մարմինները լիցենզիա են տրամադրել ոչ ավելի, քան 200 գայլ սպանելու առնչությամբ՝ փորձելով կայունացնել կենդանիների թվաքանակը:

Նշենք՝ 1950-ականներին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում ոչնչացվել էր գորշ գայլերի մեծագույն խմբաքանակը՝ տարիներ շարունակ որսի՝ օրենսդրական դաշտում բացերի պատճառով: Ավելի ուշ 1973 թվականին ընդունված «Վտանգված կենդանատեսակների մասին» օրենքը որոշակիորեն օգնել էր վերականգնել գայլերի թվաքանակը։ Այս պաշտպանիչ միջոցառումների ներդրումից ի վեր՝ գորշ գայլեր են հայտնվել և տարածվել Վիսկոնսինի անտառային տարածքներում՝ այստեղ տեղափոխվելով Մինեսոտայի հյուսիսից:

Թվաքանակի ավելացումից ի վեր՝ Վիսկոնսինի պաշտոնյաները ձեռնամուխ են եղել որսորդության, ինչպես ծուղակների մի շարք եղանակների ստեղծման: Այդ միջոցառման շրջանակներում, 2012-ին սպանվել է 117 գայլ, 2013-ին՝ 257, 2014-ին՝ 154: 2014-ի դեկտեմբերին դաշնային դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի՝ գորշ գայլը պետք է ցուցակագրվի որպես վտանգված: Այնուամենայնիվ, 2020 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վտանգված կենդանիների մասին ցուցակից հանել էր գորշ գայլին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները