ՄԱԿ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են ՌԴ-ում և Իրանում մարդու իրավունքները

16:47   04 Մարտ 2021    265

Միացյալ Նահանգների կողմից հայտարարված միակողմանի պատժամիջոցները ոտնահարում են մարդու իրավունքները Ռուսաստանում, Չինաստանում, Վենեսուելայում և այլ երկրներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետներին:

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, ներքին օրենսդրությունն ԱՄՆ նախագահին թույլ է տալիս արտակարգ դրություն հայտարարել՝ հնարավորություն ստեղծելով ազգային անվտանգության սպառնալիքների հիման վրա պատժամիջոցներ կիրառել նաև այն դեպքում, երբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը կամ տնտեսությունը սպառնալիքների են բախվում: Փորձագետների կարծիքով, արտակարգ դրության ռեժիմի սահմանումն արդարացում է՝ անորոշ ժամկետով պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

«Հայտարարված արտակարգ դրության հիման վրա Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները խախտում են մարդու իրավունքների լայն շրջանակ Չինաստանում, Կուբայում, Հաիթիում, Իրանում, Նիկարագուայում, Ռուսաստանի Դաշնությունում, Սիրիայում, Վենեսուելայում, Զիմբաբվեում և աշխարհի այլ երկրներում, ներառյալ տեղաշարժի ազատության, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու կյանքի իրավունքը», - ասված է փորձագետների տարածած հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ ՄԱԿ-ի փորձագետների տարածած հայտարարության մեջ նաև կոչ է արվում Միացյալ Նահանգներին ամբողջությամբ և բծախնդրորեն կատարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած իր պարտավորությունները` կանխելու պատժամիջոցների ենթակա անձանց մարդու իրավունքների վրա որևէ բացասական ազդեցություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները