Թրամփը Forbes-ի աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ցանկում գրեթե 300 հորիզոնականով զիջել է դիրքերը

13:59   07 Ապրիլ 2021    130

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Forbes-ի աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ամենամյա վարկանիշային ցանկում 298 հորիզոնականով զիջել է իր դիրքերը։

Թրամփը 2020 թվականին զբաղեցրել է 1001-րդ հորիզոնականը, այժմ զբաղեցնում է 1299-րդը։ Ինչպես նշում Է Forbes-ը, անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ՝ Թրամփը, իրականում, ավելի է հարստացել, սակայն ցուցակում հայտնված միլիարդատերերի կարողությունները նույնպես զգալիորեն աճել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ Forbes-ի՝ Թրամփի կարողությունը գնահատվում է 2,4 մլրդ դոլար: Հեղինակավոր հանդեսը նշում է, որ համավարակը, ինչպես նաև Թրամփի իմփիչմենթի գործընթացներն ազդել են վերջինիս անշարժ գույքի բիզնեսի վրա։

Նախագահության չորս տարվա ընթացքում Թրամփի կապիտալը նվազել է 700 միլիոն դոլարով՝ հասնելով 2,4 միլիարդի։ Ինչպես հայտնի է, նա պատմության մեջ առաջին միլիարդատերն է, որը դարձել է Միացյալ Նահանգների նախագահ:

Անցյալ տարի Թրամփը նաև Forbes-ի 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում իր դիրքերը զիջել էր 77 հորիզոնականով։

Նախօրեին Forbes հանդեսը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ամենամյա վարկանիշային ցանկը: Չնայած համավարակին, 2020-ը հաջողակ տարի է եղել աշխարհի ամենահարուստ մարդկանց համար, որոնց ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 5 տրիլիոն դոլարով․ ցանկում են հայտնվել աննախադեպ թվով նոր միլիարդատերեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները