Ճիշտ կառավարելու դեպքում ատոմային էներգիան ապահով

15:00   18 Մայիս 2018    234

Կարծիք կա, որ ատոմային էներգիան էկոլոգիապես մաքուր չէ, մինչդեռ շատ երկրներում ատոմային էներգիան նորաձև է, իսկ ոլորտում շատ երիտասարդներ են ուզում աշխատել, «AtomExpo-2018» միջազգային ֆորումի ժամանակ «Որքանո՞վ է ատոմային էներգիան մաքուր ու կանաչ» թեմայով քննարկմանն ասաց «Միջազգային միջուկային ասոցիացիայի» (WNA) գլխավոր տնօրեն Ագնետա Ռայզինգը:

«Ինձ համար փոքր ինչ տարօրինակ է, որ ՄԱԿ-ը չի ուզում խոսել ատոմային էներգիայի մասին, որովհետև մենք լուրջ խնդիր ունենք՝ կապված կլիմայի փոփոխության, մթնոլորտի աղտոտման հետ: Այսօր միլիոնավոր մարդիկ չունեն էլեկտրականություն: Սա լուրջ խնդիր է», - նշեց նա:

Գերմանիայի պատվիրակության ներկայացուցիչ Ուոլտեր Ֆայֆերը նկատեց, որ ատոմային էներգիան այն տեխնոլոգիան է, որն ածխաջրեր չի արտանետում:

Նրա խոսքով՝ ցանկացած երկրում պետք է լինի ատոմային էներգիայի այլընտրանք, ինչպես օրինակ արևային էներգիան:

«Պետք է լինի բալանսավորված հակակշիռ և ատոմային էներգիան պետք է ունենա այլընտրանք: Մենք կարող ենք ունենալ արևային կամ քամով աշխատող կայան, բայց եթե 1-2 շաբաթ եղանակի խնդիր կամ քամու անհրաժեշտ ուժգնության բացակայություն լինի, խնդիրներ կառաջանան ու պետք է այլընտրանք, որով հնարավոր կլինի փոխարինել էներգիան», - նշեց նա:

Միջուկային ոլորտի ինժեներ, լեհ պատվիրակության ներկայացուցիչ Լեոս Թոմիչեկն էլ նշեց, որ ինքը հստակ կարող է պնդել՝ ատոմային էներգիան մաքուր է ու կանաչ, որն ապագայում էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի մաս կազմել:

«Մեր էներգետիկ բալանսում ուզում ենք մեծացնել ատոմային էներգիայի չափաբաժինը: Մենք չունենք ծով, արևային օրերի քանակը մեզանում շատ չէ, գազ ու լավ ածխաջրեր ևս չունենք ու դրա համար մենք պետք է ատոմային կայաններ կառուցենք», - նշեց նա:

Բանախոսները փաստեցին, որ ճիշտ կառավարելու դեպքում ատոմային էներգիան ապահով է ու որևէ վտանգ չի ներկայացնում: Նրանք նաև նշեցին, որ գնային առումով այն ամենահարմարն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: «AtomExpo-2018»  


Վերնագիրի այլ պիտակները