«Թրամփն ինձնից 2 անգամ հարցրել է ՄԻԱՎ-ի տարբերության մասին». Բիլ Գեյթս

16:43   18 Մայիս 2018    317

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որը տարիներ շարունակ համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը, պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն երկու անգամ հարցրել է ՄԻԱՎ-ի ու Մարդու պապիլոմա վիրուսի տարբերության մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, միլիարդատերն այս մասին պատմել է Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ:

Գեյթսի խոսքով՝ իրենց առաջին և երկրորդ հանդիպումների ժամանակ նախագահը հետաքրքրվել է, թե արդյոք ժամանակակից պատվաստանյութերը վտանգավոր չեն: Դրան ի պատասխան միլիարդատերն ասել է, որ չպատվաստվելը շատ սխալ է ու կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:

«Երկու քննարկման ժամանակ էլ նա ուզում էր իմանալ ՄԻԱՎ-ի ու Մարդու պապիլոմա վիրուսի տարբերությունը, իսկ ես էլ բացատրեցի, որ այդ երկուսը դժվար է իրար հետ շփոթել»,-ասել է Գեյթսը՝ նկատի ունենալով, որ դրանք շատ տարբեր հիվանդություններ են:

Բացի այդ, Գեյթսը պատմել է, որ իրեն ու կնոջը դուր չի եկել այն հանգամանքը, որ բոլոր հանդիպումների ժամանակ նախագահը մանրամասն խոսել է իրենց դստեր՝ 22-ամյա Ջենիֆերի մասին, որին տեսել էր Ֆլորիդայում կազմակերպված ձիասպորտի մրցման ժամանակ: Գեյթսին անհանգստացրել է, որ Թրամփը մանրակրկիտ ուսումնասիրել է իրենց դստեր արտաքինն ու այդքան շատ է խոսել այդ թեմայով:

Թրամփի դեմոկրատ ընդդիմախոսներից մեկը՝ Թարա Դոուդելը, իր հիասթափությունն է հայտնել այս առնչությամբ՝ նշելով. «Փաստորեն մենք ունենք նախագահ, որը չգիտի ՄԻԱՎ-ի ու Մարդու պապիլոմա վիրուսի տարբերությունը, սակայն անգիր հիշում է Բիլ Գեյթսի դստեր արտաքինը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները