Իվանիշվիլին փողեր է դիզում՝ խաղալով տարադրամի փոխարժեքի հետ. Սաակաշվիլի

20:52   12 Օգոստոս 2018    250

Վրաստանի երրորդ նախագահը «Վրացական երազանք»-ի կառավարությանը մեղադրել է անգործության համար լարիի՝ դոլարի եւ եվրոյի նկատմամբ հերթական արժեզրկման ֆոնին:

Միխայիլ Սաակաշվիլին համապատասխան հայտարարությունն արել է իր ֆեյսբուքյան էջին հրապարակված տեսաուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սաակաշվիլիի խոսքով՝ լարիի ներկայիս արժեզրկումը կապված է բացառապես «Վրացական երազանք» կուսակցության տնտեսական քաղաքականության հետ:

Վրաստանի նախկին նախագահը համոզված է, որ դրա գլխավոր նպատակը միլիարդատեր եւ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հարստացումն է:

«Վրաստանը կառավարություն չունի. Վրաստանն ունի ագահ օլիգարխ, որը բանկային մենաշնորհով քանդել է ընտանեկան բյուջեները եւ փողեր է դիզում՝ խաղալով տարադրամի փոխարժեքով»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Փոխել իրավիճակը հնարավոր է միայն Իվանիշվիլիին իշխանության լծակներից հեռացնելու միջոցով, համոզված է Սաակաշվիլին: Այս կապակցությամբ նա կոչ է արել Վրաստանի բնակչությանը ակտիվություն դրսեւորել 2018 թվականի հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններին եւ թույլ չտալ, որպեսզի «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն հաղթանակ տանի:

Հարկ է նշել, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում ազգային արժույթի երեկվա անկումը կապել են Թուրքիայի եւ Ռուսաստանի ազգային արժույթների անկման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները