Ասանժն ուզում էր դեսպանատունը լրտեսության կենտրոն սարքել. Էկվադորի նախագահ

12:48   15 Ապրիլ 2019    186

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը քանիցս խախտել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնալու պայմանները եւ փորձել միջամտել այլ երկրների ներքին գործերին՝ օգտագործելով դիվանագիտական առաքելությունը որպես «լրտեսության կենտրոն»։

Այսպիսի պնդմամբ է հանդես եկել Էկվադորի նախագահ Լենին Մորենոն The Guardian թերթին տված հարցազրույցում։

«Այդպիսի գործողությունը խախտում է ապաստանի տրամադրման պայմանները, եւ մեր որոշումը (Ասանժին զրկել ապաստանից) ինքնակամ չէ, այլ հիմնված է միջազգային իրավունքի վրա»,- ասել է Մորենոն։

Ինչպես նա պնդում է, WikiLeaks-ի հիմնադիրն օգտագործել է էկվադորյան դեսպանատունը «այլ երկրների դեմոկրատիաներին միջամտելու համար»։ «Ապակայունացման ցանկացած փորձ դատապարտելի է Էկվադորի համար, որովհետեւ մենք ինքնիշխան ազգ ենք եւ հարգում ենք յուրաքանչյուր երկրի քաղաքականությունը»,- նշել է Մորենոն։

«Ցավոք,- շարունակել է նա,- մեր տարածքից եւ նախորդ կառավարության իշխանությունների թույլտվությամբ, էկվադորյան դիվանագիտական առաքելությունից Բրիտանիայի մայրաքաղաքում հնարավորություններ են ընձեռվել այլ պետությունների (ներքին) գործընթացներին միջամտելու համար»։ «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր տունը, տունը, որը բացել է իր դռները, դառնա լրտեսության կենտրոն»,- ավելացրել է Էկվադորի նախագահը։

Այլ պետությունների ներքին գործերին միջամտելու վերջին օրինակներից մեկը նա անվանել է 2019 թվականի հունվարին WikiLeaks-ի կողմից Վատիկանի փաստաթղթերի հրապարակումը։ «Ցավոք, կան մարդիկ, ովքեր ձգտում են խախտել մարդկանց գաղտնիության իրավունքը։ Ասանժին ապաստանից զրկելը տեղի է ունեցել միջազգային իրավունքին համապատասխան, եւ դա ինքնիշխան որոշում է,- ընդգծել է Մորենոն։- Մենք որոշումներ չենք ընդունում որեւէ պետության կողմից արտաքին ճնշմամբ»։

Նա նաեւ ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան նրան գրավոր հավաստիացրել է, որ Ասանժի հիմնական իրավունքները կպահպանվեն եւ որ նրան չեն հանձնի այն երկրին, որտեղ կիրառվում են կտտանքներ եւ մահապատիժ։ Ինչպես ճշգրտել է լատինամերիկյան պետության ղեկավարը, էկվադորյան իշխանությունները «խորհրդակցել են Միացյալ Թագավորության կառավարության հետ Ասանժին երրորդ երկրին արտահանձնելու վերաբերյալ, որտեղ նա կարող է ենթարկվել կտտանքների, դաժան վերաբերմունքի կամ մահապատժի։ «Միացյալ Թագավորությունն ընդլայնել է գրավոր երաշխավորությունները, որ եթե վերջնարդյունքում արտահանձնում պահանջվի, նա չի արտահանձնվի այն երկրին, որտեղ կարող է ենթարկվել նման վերաբերմունքի»,- նշել է Մորենոն»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասանժ  


Վերնագիրի այլ պիտակները