ԱՄՆ սահմանապահները հայտնաբերել են ծովում մոլորված կուբացի փախստականներին

16:19   15 Ապրիլ 2019    253

ԱՄՆ առափնյա պահպանության սահմանային ծառայությունը հայտնաբերել է Կուբայից ԱՄՆ ուղևորվող փախստականներին, որոնք մոտ մեկ շաբաթ անհետ կորած էին Կարիբյան ծոցում։

Որոնողական աշխատանքներին մասնակցել ու աջակցել է նաև զբոսանավերից մեկը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է հենց առափնյա պահպանության ծառայությունը։

Փախստականները Կուբայից դուրս են եկել շուրջ մեկ շաբաթ առաջ։ 22 հոգով նրանք տեղավորվել են փայտե մակույկի մեջ, որով մտադիր էին հասնել ԱՄՆ։ Սակայն ուղևորությունը սկսելուց կարճ ժամանակ անց մակույկի շարժիչը խափանվել է։ Փախստականները մոտ 3 օր խարխափել են բաց ծովում։

Հետո նրանց նկատել է տարածքում միայնակ նավարկող մի մեքսիկացի ձկնորս, որն իր նավակ է ընդունել կուբացիներին։ Կարճ ժամանակ անց խափանվել է նաև այս նավակի շարժիչը։ Ու այս մարդիկ ևս 3 օր նավարկել են բաց ծովում՝ առանց կարողանալու ազդել նավակի ընթացքի վրա։

Այն բանից հետո, երբ կուբացիներից մեկի եղբայրը դիմել է իրավապահներին, ԱՄՆ առափնյա անվտանգության ուժերը սկսել են փնտրել փախստականներին։ Նրանց խնդրանքով որոնումներին միացել է նաև տարածքում նավարկող զբոսաշրջային նավերից մեկը։ Հենց այս նավի անձնակազմի կողմից էլ, ի վերջո, Մեքսիկայի ափերից մոտ 20 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է կուբացի փախստականներին ու մեքսիկացի ձկնորսին տեղափոխող նավակը։

Դրա 23 ուղևորներն էլ ողջ են եղել, նրանցից մի քանիսին բուժօգնություն է ցուցաբերվել, ինչից հետո բոլորը տեղափոխվել են ԱՄՆ սահմանային ծառայություն, որտեղ էլ կորոշվի նրանց հետագա ճակատագիրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները