«Արարատցեմենտ» տանող ճանապարհը կրկին փակ է

11:19   16 Ապրիլ 2019    388

«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը կրկին փակ է, աշխատակիցները շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասաց աշխատակիցներից Հենրիկ Խեչումյանը:

«Մենք գիշերել ենք այստեղ, պահանջը նույնն է. հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ: Չնայած մեզ երեկ երեկոյան առաջարկել են պատռել աշխատանքից ազատվելու ծանուցագրերը, քանի որ որոշել են չեղարկել դրանք և վերադառնալ աշխատանքի, սակայն, վստահ չենք, որ մի քանի օր հետո նորից նույն խնդրի առաջ չեն կանգնի:

Անձամբ Գագիկ Ծառուկյանը թող գա մեզ այդ մասին ասի: Բայց ասեմ՝ նրան էլ այդքան չենք վստահում: Մեզ կոնկրետ երաշխիքներ են պետք»,- նշեց նա:

Հենրիկ Խեչումյանն ասաց, որ տնօրինությունը խոստացել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կհանդիպեն ապրիլի 17-ին:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ գործարանի աշխատակիցը նշեց.

«Վարչապետը ճիշտ է արձագանքել, որքան գիտեմ, ասել է՝ գործատուի ու աշխատողների գործն է, այլ բան չէր էլ կարող ասել, պետք էլ չէր, որ վարչապետը կամ իշխանական թևից այլ անձիք արձագանքեին: Ունենք տարածքից պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը, որը ողջունել է մեր ակցիան»,-նշեց նա:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները