Libra. Facebook-ը սեփական թվային արժույթն է թողարկում

18:45   19 Հունիս 2019    255

Ամերիկյան Facebook ընկերությունը սեփական թվային արժույթն է թողարկում՝ Libra-ն, որը հնարավոր կլինի 2020 թվականից գնել սոցկայքի հարթակներում և պահպանել Calibra կոչվող թվային դրամապանակում, հաղորդում է BBC-ն:

Լուրն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է անձամբ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Libra թվային արժույթի միջոցով հնարավոր կլինի «կոճակի մեկ սեղմումով» վճարումներ կատարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Facebook-ի գործընկերներն են դարձել 27 ընկերություններ ու կազմակերպություններ, այդ թվում՝ Visa և Mastercard վճարային համակարգերը, ինչպես նաև Vodafone, Uber, Lyft, Spotify ընկերությունները: Նրանք մտել են Libra ոչ առևտրային ասոցիացիայի կազմի մեջ: Ծրագրին դեռևս չեն միացել տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն Apple, Google, Amazon և Microsoft ընկերությունները:

Արժույթը հնարավոր կլինի ուղարկել սոցկայքի այլ օգտատերերին: Facebook-ը հավաստիացնում է, որ դա «այնքան հեշտ ու արագ կլինի, որքան տեքստային հաղորդագրություն ուղարկելը»: Բացի այդ՝ սոցկայքի ղեկավարությունը վստահեցնում է, որ արժույթով կատարվելիք գործարքների ու վճարումների համար պահվող միջնորդավճարները «շատ ցածր կամ չնչին» կլինեն:

Նշենք, որ սա Facebook-ի՝ թվային արժույթ ստեղծելու առաջին փորձը չէ: Մեկ տասնամյակ առաջ ընկերությունը ստեղծել է Facebook Credits-ը, սակայն այն չի արդարացրել սպասելիքները և մոտ 2 տարի անց չեղարկվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները