Ֆրանսիացի գյուտարարը փորձելու է անցնել Լա-Մանշը ռեակտիվ հարթակի վրա

14:53   22 Հուլիս 2019    208

Ֆրանսիացի մարզիկ Ֆրենկի Զապատան հինգշաբթի կփորձի անցնել Լա-Մանշը սեփական արտադրության «ֆլայբորդ» ռեակտիվ հարթակի վրա, գրում է The Guardian-ը:

Նման ձևով գյուտարարը որոշել է նշել 1909 թ.-ի հուլիսի 25-ին ավիատոր Լուի Բլերիո կողմից իրականացված Լա-Մանշի վրայով առաջին թռիչքի 110-ամյակը:

Նախատեսվում է, որ ռեակտիվ հարթակով թռիչքը կտևի 20 րոպե: Մեկնարկային կետը գտնվում է ֆրանսիական Կալեից ոչ հեռու, իսկ ավարտականը՝ բրիտանական Դուվրից ոչ հեռու: Այսպիսով, թռիչքը տեղի կունենա Պա-դե-Կալե նեղուցի տարածքում:

Վերջնակետին հասնելու կես ճանապարհին Զապատան ստիպված կլինի լիցքավորել սարքը: Ակնկալվում է, որ հարթակը մինչև 140 կմ/ժ արագություն կզարգացնի:

Հուլիսի 14-ին Զապատան հարթակով ցուցադրական թռիչք է իրականացրել Բաստիլի գրավման օրվան նվիրված շքերթի ժամանակ:

«Ես օգտագործեցի սարքի հնարավորությունների 3%-ը (շքերթում), իսկ Լա-Մանշն անցնելու համար ինձ պետք կլինի 99 %: Դա հեշտ չի լինի: Կարծում եմ, հաջողության հավանականությունը 30 % է»,- ասել է Զապատան:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները