ԱՄՆ-ը ցանկանում է տիեզերագնացներ թողնել Լուսնի վրա

15:17   22 Հուլիս 2019    247

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նաև համոզված է, որ դեպի Մարս թռիչքը կարող է տեղի ունենալ իր կյանքի օրոք:

2024 թ.-ին ԱՄՆ-ը տիեզերագնացներ կուղարկեն Լուսին և մի որոշ ժամանակ «նրանց այնտեղ կթողնեն», հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այս անգամ, երբ մենք թռչենք Լուսին, մենք այց չենք կատարի, մենք կմնանք այնտեղ»,- ասել է նա:

Փոխնախագահի խոսքերով, ԱՄՆ-ը «հարյուր տոկոսով» հավատարիմ է այդ նպատակին, իսկ փորձը, որը ձեռք կբերեն տիեզերագնացները Լուսնի վրա, հետագայում կօգնի դեպի Մարս թռիչքի ժամանակ: Փենսը նաև հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լիովին սատարում է NASA-ի «Արտեմիդա» ծրագրին:

Փենսը նաև համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանա մարդ իջեցնել Մարսի վրա դեռ իր կյանքի օրոք: Սակայն, նրա խոսքերով, «հիմնաքարը» կլինի Լուսին վերադարձը, ինչպես նաև այլ մոլորակի վրա մարդու մնալու համար նոր տեխնոլոգիաների և մեթոդների ստեղծումը:

Միացյալ Նահանգները նախատեսում է տիեզերագնացներ ուղարկել Լուսին արդեն 2024 թ.-ին: NASA-ի ղեկավարը նշել է, որ եթե չլինեին քաղաքական ռիսկերը, ապա ԱՄՆ-ը կհայտնվեր նաև Մարսի վրա: Ներկայումս NASA-ն չի բացառում, որ դեպի Կարմիր մոլորակ թռիչքը կարող է տեղի ունենալ 2033-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները