ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված մեքսիկացի հայտնի նարկոբարոնը բողոքարկել է դատարանի վճիռը

14:14   23 Հուլիս 2019    435

Մեքսիկացի նարկոբարոն, Գաճաճ (El Chapo) մականունով հայտնի Խոակին Գուսման Լոերայի նոր փաստաբանը բողոքարկել է նրա ցմահ ազատազրկման դատավճիռը, որը հրապարակվել էր անցած շաբաթ, ընդ որում՝ դատավճռին սիմվոլիկ 30 տարվա ազատազրկում էր ավելացվել, գրում է Daily Mail-ը:

Ցմահ ազատազրկումից զատ դատարանը պարտադրել է նարկոբարոնին 12,6 մլրդ դոլարի տուգանք վճարել. այդքան է գնահատվում նրա կարտելի՝ ԱՄՆ-ում թմրաբիզնեսից ստացած եկամուտը:

Նշվում է, որ վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումը կարող է մինչև մեկ տարի տևել, իսկ այդ ընթացքում նախկին նարկոբարոնը կմնա Կոլորադո նահանգի առավելագույն հսկողության բանտում, ուր տեղափոխվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել նրա հերթական փախուստի ծրագրի մասին:

Վաթսուներկուամյա Գուսմանը թմրաբիզնեսով զբաղվող «Սինալոա» կարտելի հիմնադիրն է: Նրա կարտելը 25 տարի շարունակ հարյուրավոր տոննաներով կոկաին, հերոին, մետամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ է ներկրել Միացյալ Նահանգներ:

Գուսմանը 1993թ.-ին կոլումբացի խոշոր նարկոբարոն Պաբլո Էսկոբարի սպանությունից հետո թմրաբիզնեսի ոլորտում ամենաազդեցիկ մարդն է համարվել: 2001թ.-ին նա փախել էր Մեքսիկայի բանտից և շուրջ 13 տարի թաքնվել էր իշխանություններից, այնուհետև 2015թ.-ին կրկին փախել էր բանտից: 2017թ.-ի հունվարին Մեքսիկայի իշխանությունները նարկոբարոնին ԱՄՆ էին արտահանձնել, որտեղ այս տարվա փետրվարին 3 ամիս տևած դատավարությունից հետո նա մեղավոր է ճանաչվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները