Աթամբաևի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական լսումը կանցկացվի հատուկ ծառայությունների շենքում

10:37   16 Օգոստոս 2019    174

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական լսումը տեղի կունենա հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում:

Այդ մասին ria.ru-ին ասել է պետության նախկին ղեկավարի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևը: Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, մայրաքաղաքի շրջանային դատարանը պետության նախկին ղեկավարին կալանավորելու մասին որոշում էր կայացրել: Նա Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում կմնա մինչև օգոստոսի 26-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևը այս որոշումը բողոքարկել էր բարձր ատյանում՝ Բիշքեկի քաղաքային դատարանում: Բողոքարկման հարցով դատական նիստը նշանակվել էր ուրբաթ առավոտյան։ «Դատարանը կտեղափոխվի հատուկ ծառայությունների շենք: Մենք դա համարում ենք դատական մարմինների նկատմամբ ուղղակի ճնշում»,- հայտարարել է Աթամբաևի խորհրդականը: Հաղորդվում է, որ Պետկոմիտեի շենքի մոտ հավաքվել են նախկին նախագահի մի քանի տասնյակ կողմնակիցներ և վանկարկում են. «Ազատությո՛ւն Աթամբաևին»:

Նշենք, որ Ղրղզստանի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Ընդհանուր առմամբ, նա մեղադրվում է 12 քրեական գործերով, այդ թվում՝ սպանություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում, կոռուպցիա և այլն: Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:

Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա: Ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև օրեր տևած բախումների հետևանքով Աթամբաևն ինքնակամ հանձնվել էր իշխանություններին: Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աթամբաև   Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները