«Դորիան»-ից հետո «Ումբերտո»-ն կրկնակի հարված է հասցրել Բահամներին

21:58   15 Սեպտեմբեր 2019    194

52 մարդու կյանք խլած «Դորիան» մրրիկից հետո Բահամյան կղզիներին այս անգամ պատուհասել է նոր ձևավորված «Ումբերտո» փոթորիկը: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ այստեղով անցած մրրիկից հետո ավելի քան 1300 մարդ անհետ կորած է համարվում: Տեղի մասնագետների գնահատմամբ՝ զոհերի թիվն առաջիկայում կարող է հասնել մի քանի հարյուրի: Կղզի-պետությունը նաև տնտեսական հսկայական վնասներ է կրել:

Վնասի իրական չափը գնահատելու ու օգնության տրամադրման համար կղզի էր ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Աղբյուրը հայտնում է, որ «Ումբերտոն», ի տարբերություն «Դորիանի», ավելի մեղմ փոթորիկ է եղել: Այն «Դորիան»-ից ամենաշատը տուժած Աբակո կղզուց 135 կմ հեռավորությունից է անցել ու չի հասել ԱՄՆ Ֆլորիդա նահանգ:

Նշվում է, որ այստեղ ու Մեծ Բահամա կղզու տարածքում փոթորկի հետևանքով գրանցված քամու արագությունը հասել է 26 կմ/վ-ի: Համեմատության համար նշենք, որ «Դորիան»-ի «այցելության» ժամանակ քամու արագությունն այստեղ հասել է 82 կմ/վ-ի: Այդուհանդերձ, համեմատաբար մեղմ փոթորիկն իր հետ տեղումներ է բերել: Առաջիկա օրվաերի ընթացքում այստեղ մինչև 10 մմ տեղումներ են սպասվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դորիան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները