«Այն տնտեսական ինտեգրման «թագն ու պսակն է լինելու». Վլադիմիր Մակեյ

14:15   17 Հոկտեմբեր 2019    233

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան դեռևս իմաստ չեն տեսնում խոսելու միասնական Կենտրոնական բանկի ստեղծման վերաբերյալ, քանի որ այն տնտեսական ինտեգրման «թագն ու պսակն է լինելու», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարի խոսքով` գոյություն ունեն մի շարք արդիական խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծում ստանան, և սխալ կլինի «շենքի հիմքը գցելուց առաջ կտուրը կառուցել»:

«Պետք է նախ հիմքը կառուցել, այնուհետև պատերը և միայն այս ամենից հետո` կտուրը»,- ասել է Մակեյը`մեկնաբանելով երկու երկրների ինտեգրման քաղաքականությունը:

Մակեյն ասել է, որ բելառուսական կողմի ներկայացրած նախագծի նախնական տարբերակում առաջարկվել է ստեղծել միասնական վերազգային կառույց, ինչը, իհարկե, ավելի խորը ինտեգրման քաղաքական բաղադրիչ է պարունակում: Արտգործնախարարը նաև նշել է, որ Ռուսաստանի կառավարական միջին օղակների ներկայացուցիչները որոշակի առաջարկներ են ներկայացրել, որոնք բելառուսական կողմի համար անընդունելի են եղել: Արդյունքում ավելի խորը տնտեսական համագործակցության որոշում է կայացվել. ՌԴ և Բելառուսի նախագահների` հուլիսին Սանկտ Պետերբուրգում ունեցած հանդիպման ընթացքում երկու կողմերը ներկայացրել են բոլոր առաջարկները:

«Մենք պետք է լուծենք արդիական հարցերը. դրանց թվում են նավթի, գազի արժեքը, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման, ներմուծման խնդիրները և այլն»,- ասել է նա:

Հարցին, թե բելառուսական կողմը պատրա՞ստ է չստորագրել փաստաթուղթը, եթե նշված խնդիրները լուծում չստանան, նախարարը պատասխանել է, որ ենթադրություններով խոսել չի սիրում և լավ կլինի սպասել հետագա քայլերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վլադիմիր-Մակեյ  


Վերնագիրի այլ պիտակները