«Բանակցությունների ձևաչափը փոխելու Երևանի փորձերը բաց սպառնալիք են խաղաղ գործընթացին». ԵԱՀԿ

09:00   08 Նոյեմբեր 2019    235

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի քննարկման շրջանակներում հանդես է եկել հայտարարությամբ:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա:

«Ինչպես հաստատել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, հրադադարը հիմնականում պահպանվում է, և կրակոցների թիվը զգալիորեն նվազել է: Նրանք նաև հաստատում են, որ առկա է բարենպաստ մթնոլորտ բանակցությունների տեղաշարժի վերաբերյալ արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար:

Սակայն, չնայած դրական մթնոլորտի ձևավորմանը, շփման գծի ողջ երկայնքով 2018 թվականից ի վեր հաստատված լռությունը չի հանգեցրել ղարաբաղյան կարգավորման մեջ դրական տեղաշարժի: Փաստ է հանդիսանում այն, որ այսօր մենք կարող ենք խոսել միայն հանդիպումների մասին, սակայն դա չի հանգեցնում այն էական հարցերի լիարժեք քննարկմանը, որոնք ի վիճակի են փոխել ներկայիս ստատուս-քվոն, ինչը համանախագահներն իրենք համարում են անկայուն և անընդունելի:

Չնայած հանդիպումների որոշակի ինտենսիվությանը, ազնվորեն բանակցելու Հայաստանի բաց քաղաքական ցանկության բացակայությունը շարունակում է խոչընդոտել գործընթացի առաջընթացին: Այս համատեքստում հիասթափեցնող էր Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը:

Մենք համարում ենք, որ վստահության ամրապնդման որոշ միջոցառումներ կարող են իրականացվել: Սակայն, սա չի կարող այլընտրանք լինել բանակցային գործընթացում: Ժողովրդին խաղաղության նախապատրաստման հետ կապված այս փոքր քայլերը չեն կարող առաջադրվել որպես սուբստանտիվ բանակցությունների անցկացման համար նախապայման: Անցած տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել անպատասխանատու հայտարարությունների և Հայաստանի ղեկավարության կողմից խաղաղ գործընթացը խաթարելու փորձերի:

Այսպիսով, բանակցությունների ձևաչափը փոխելու Երևանի փորձերը հանդիսանում են ակնհայտ սպառնալիք խաղաղ գործընթացի համար», - ընդգծվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները