Չինաստանը վիրտուալ պարետային ժամ է սահմանում

19:47   08 Նոյեմբեր 2019    256

Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է դնելու այն ​​ժամանակահատվածի վրա, որը պատանիները կարող են անցկացնել համակարգչային խաղերի վրա:

Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Անչափահասների համար սահմանվում է, այպես կոչված, պարետային ժամ: 18-ից ցածր տարիքի անձանց կարգելվելի համակարգչային խաղեր խաղալ 22․00-08․00-ն: Ընդ որում, աշխատանքային օրերին նրանք 24 ժամվա ընթացքում կարող են համակարգչային խաղերով զբաղվել 1․5 ժամ, իսկ հանգստյան օրերին՝ ոչ ավելի, քան 3 ժամ: Չինաստանի իշխանությունները պայքարում են բնակչության մեծ մասի՝ մասնավորապես դեռահասների շրջանում տեսախաղերից կախվածության դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իշխանությունները կարծում են, որ այդ խաղերը բացասաբար են ազդում անչափահասների առողջության վրա: Ներմուծվել են այլ սահմանափակումներ: 8-16 տարեկան տարիքի համակարգչային խաղերի սիրահարները կարող են նման խաղերի վրա ծախսել ամսական ոչ ավելի, քան 200 յուան ​​(29 դոլար): 16-18 տարեկաններին թույլատրվում է ծախսել կրկնակի՝ 400 յուան: Չինաստանի կառավարությունը բազմիցս քննադատել է տեսախաղերի արդյունաբերությունը, քանի որ, ըստ իշխանությունների, նման խաղերը վնասակար են աճող օրգանիզմի համար:

2018-ին Պեկինը հայտարարեց նոր տեսախաղերի կարգավորչի պաշտոն ստեղծելու մասին, քանի որ շատ ծնողներ վախենում էին երեխաների մոտ կարճատեսության զարգացումից: Իշխանությունները որոշեցին սահմանափակել նոր խաղերի քանակը, որոնց արդեն իսկ թույլատրվել էր մտնել շուկա, ինչպես նաև սահմանափակել այն ժամանակը, որը խաղացողները կարող են անցկացնել էկրանի առջև: Նույն թվականին Չինաստանում ժամանակավորապես արգելվեց թողարկել նոր տեսախաղեր: Արգելքը տևեց 9 ամիս և զգալի վնաս պատճառեց տնտեսության այս հատվածին:

Որոշ ընկերություններ անմիջապես արձագանքեցին: Համակարգչային խաղեր արտադրող աշխարհի ամենամեծ՝ Tencent ընկերությունը 12-18 տարեկանների համար համակարգչային խաղեր խաղալու ժամանակի տարբեր սահմանափակումներ մտցրեց: Ընկերությունը նաև օգտվողներից պահանջեց գրանցվելիս պարտադիր նշել տարիքը։ Այնուամենայնիվ, տարիքային հաստատման համակարգը երբեմն չի գործում: Այժմ կառավարությունը մշակում է միասնական համակարգ: 2018-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) տեսախաղերից կախվածությունն առաջին անգամ անվանեց հոգեկան խանգարում:

Մինչդեռ Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան այդպես չի կարծում: Գտնում է, որ այս հարցը պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները