Ֆրանսիայի հարավում երկրաշարժի հետևանքով մարդիկ են տուժել և շենքեր վնասվել

14:17   12 Նոյեմբեր 2019    215

Ֆրանսիայի հարավում գրանցված երկրաշարժի հետևանքով մարդիկ են տուժել և շենքեր վնասվել, դադարեցվել է նաև երեք միջուկային ռեակտորների աշխատանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը թեթև վնաս է պատճառել շենքերին, այն զգացվել է նաև Լիոն և Մոնտելիմար քաղաքներում, որոնք իրարից 144,8 կմ հեռավորության վրա են գտնվում:

Աղբյուրի փոխանցմամբ` ժամանակավորապես դադարեցվել է Արդեշի շրջանի «Կրյուա» ատոմակայանի 2-րդ, 3-րդ և 4-րդ ռեակտորների աշխատանքը՝ երկրաշարժից հետո լրացուցիչ ստուգումներ իրականացնելու նպատակով:

Մեկ մարդ ծանր վիրավորվել է, իսկ երեքը ստացել են թեթև վնասվածքներ:

Մասնագետների խոսքերով` ուժգին երկրաշարժերը տարածաշրջանում հազվադեպ երևույթ են, սակայն հորդորել են զգուշավորություն դրսևորել, լքել վթարային շենքերը՝ հնարավոր հետցնցումներից պաշտպանված լինելու համար:

Երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պրիվայի բնակիչներից մեկը նշել է, որ երկրաշարժից անգամ րոպեներ անց ջահը դեռ շարունակել է ցնցվել, բնակիչներից մեկի խոսքով էլ՝ շունը սկսել է հաչել, մինչ մարդիկ կզգային ցնցումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները