Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել

10:20   14 Նոյեմբեր 2019    220

Ռուսաստանի Դաշնության Բլագովեշչենսկ քաղաքի քոլեջներից մեկում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Ամուրի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրավապահների տվյալներով՝ նոյեմբերի 14-ի առավոտյան Բլագովեշչենսկում ճանապարհային ոստիկանության պարեկապահակային ծառայության կետի մոտ է վազել մի երիտասարդ և հայտնել, որ անհայտ անձը կրակ է բացել մոտակայքում գտնվող քոլեջում:

Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները քոլեջի երկրորդ հարկում զինված երիտասարդի են հայտնաբերել, որը մի քանի անգամ կրակ է բացել իրավապահների ուղղությամբ, ինչի արդյունքում ոստիկանները պատասխան կրակ են բացել: Հրաձիգին ոստիկանները շրջափակել են լսարաններից մեկում՝ այդ ընթացքում ապահովելով քոլեջի ուսանողների և դասախոսների ելքը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու երիտասարդի դի, այդ թվում՝ հրաձգություն իրականացրած երիտասարդի դին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հրաձիգն ինքնասպան է եղել։ Փոխհրաձգության ընթացքում ոստիկանները չեն տուժել։ Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը:

Աղբյուրի տվյալներով՝ որսորդական հրացանով հրաձգություն է իրականացրել քոլեջի 19-ամյա ուսանողը: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 19-ամյա տղա, ևս երեքը՝ 17, 19 և 20 տարեկան երիտասարդներ, բազմաթիվ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները