«Գցեցիր մեզ, կգցենք քեզ». Թբիլիսիից բացի, ցույցեր են անցկացվել նաև Վրաստանի այլ քաղաքներում

11:36   15 Նոյեմբեր 2019    325

«Գցեցիր մեզ, կգցենք քեզ»․ այս կարգախոսով բողոքի ցույցերը, Թբիլիսիից բացի, երեկ անցկացվել են նաև Վրաստանի այլ քաղաքներում:

Համամասնական ընտրական համակարգի անցնելու մասին նախագծի տապալման դեմ Բաթումի Եվրոպայի հրապարակում բողոքել են ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները:

«Ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին։ Չենք հանդուրժելու, որ մեզ խաբեն: Հենց համամասնական համակարգն էր, որ պետք է վերջ տար փողոցային հավաքներին և գործընթացները տեղափոխեր խորհրդարան: Իվանիշվիլին մարդկանց հրավիրում է մենամարտի, և դա անընդունելի է»,- ասել է հանրահավաքի մասնակից Գենրի Դոլիձեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանրահավաք է անցկացվել նաև Քութայիսի կենտրոնական հրապարակում:

Ցուցարարների կարծիքով՝ համամասնական համակարգի մասին օրենքի նախագծի տապալումը նախապես ծրագրվել էր «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կողմից:

Համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում առաջին ընթերցմամբ քվեարկությանը չեն ստացել բավարար ձայներ:

Այդ հարցով անց է կացվել ազատ քվեարկություն: Սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 113 պատգամավորի աջակցությունը: Իշխող կուսակցության կողմից պատրաստված սահմանադրական նախագծին աջակցել է 101 պատգամավոր, 3-ը դեմ են արտահայտվել, ընդ որում՝ 3-ն էլ իշխող կուսակցության մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ են: Նրանցից մեկը Հենզել Մկոյանն է, ով ներկայացնում է Ջավախքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները