Գլոբալ տաքացում․ Աշխարհը 10 տարի անց՝ բնության աղետներ, աղքատություն եւ մահ

09:26   20 Նոյեմբեր 2019    274

Խոսելով գլոբալ տաքացման մասին՝ մարդիկ սովորաբար պատկերացնում են հեռավոր ապագա։

Սակայն կլիմայական ճգնաժամի հետեւանքներն արդեն զգացվում են ողջ մոլորակի վրա։ Եւ առաջիկա տասը տարիներին իրավիճակը արդեն լրջորեն կբարդանա, հայտնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Business Insider-ին։

Գիտնականների գնահատականներով՝ նույնիսկ եթե մարդկությունը ամբողջովին դադարեցնի ջերմոցային գազերի արտանետումները, ինչը անհավանական է, Երկիրը կշարունակի տաքանալ։ Իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում մինչեւ 2030թ․ ջերմաստիճանի աճը կկազմի 1,5°С։ Բեւեռային եւ լեռնային սառույցները կանցնեն անդառնալիության կետը, որը վերջին հաշվով կհանգեցնի դրանց լիակատար անհետացմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գրենլանդիայի սառցե վահանը արդեն մոտենում է այդ վիճակին՝ տաք ժամանակ կորուստներն այն քան մեծ են, որ դրանց այեւս չի կարող փոխարինել ձմռանը սառցի կուտակումը։

Սառույցների հալվելը կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացման՝ մինչեւ 2030թ․ միջինը 10-20 սմ-ով։ Ամենաշատը դա կառնչվի առափնյա շրջաններում եւ ոչ մեծ կղզիների վրա տեղակայված քաղաքներին ու պետություններին։ Արդեն այսօր առափնյա քաղաքները տառապում են պարբերաբար տեղի ունեցող ջրհեղեղներից։ Օրինակ, հենց հիմա Վենետիկն ապրում է կես դարի ընթացքում խոշորագույն ջրհեղեղը։

Օվկիանոսների տաքացմանը զուգընթաց նրանց մեջ ավելի ու ավելի շատ փոթորիկներ կծնվեն։ Գիտնականները կանխատեսում են, որ առաջիկա 10 տարիներին փոթորիկները ավելի հաճախակի ու հզոր կլինեն։ Դրանց շարժման արագությունը կդանդաղի, իսկ դա նշանակում է, որ ավերելու ավելի շատ ժամանակ կունենան։

Եղանակային այլ աղետները նույնպես կհաճախանան։ Օրինակ, շոգի եւ երաշտների պատճառով ավելի շատ անտառային հրդեհներ կլինեն։ Արդեն այսօր ԱՄՆ-ի արեւմուտքում տարեկան երկու անգամ ավելի շատ անտառ է այրվում, քան 1980-ականներին։ Կալիֆոռնիայում այդ թիվը մեծացել է հինգ անգամ։

Հրդեհներ կլինեն նույնիսկ Արկտիկայում, որը մնացած աշխարհից երկու անգամա ավելի արագ է տաքանում։ Երաշտների պատճառով շատ քաղաքներ կարող են զրկվել խմելու ջրից։ Հարավաֆրիկյան Քեյփթաունը մոտեցել էր դրան 2018թ․ սկզբին, իսկ 10 տարի անց նման խնդրի հետ կբախվեն աշխարհի բոլոր քաղաքները։ Ավստրալիան արդեն երկրորդ տարին անընդմեջ ջրի դեֆիցիտ է ապրում։

Գլոբալ տաքացումը ուժեղ հարված կհասցնի նաեւ ծովային էկոհամակարգերին։ Այսպես, մինչեւ 2030թ․ ճգնաժամային իրավիճակում կհայտնվի մարջանի խութերի 60 տոկոսը, որոնց մեջ ապրում է ծովային ամբողջ ֆլորայի եւ ֆաունայի 25 տոկոսը։ Սակայն համաշխարհային օվկիանոսը ոչ միայն տաքանում է կլիմայական փոփոխությունների պատճառով, այլ դառնում է նաեւ ավելի թթու եւ թթվածնով պակաս հագեցած։ 10 տարի հետո այս խնդիրներին կառնչվի ծովերի 55 տոկոսը, ինչը կհանգեցնի ծովի բնակիչների եւ ձկնորսությունից ու ակվամշակույթից կախված մարդկանց համար լուրջ խնդիրների։

ԱՀԿ-ի գնահատականներով, մինչեւ 2030թ․ կլիմայական փոփոխությունները կհանգեցնեն 241 000 մարդու մահվան։ Բացի այդ, տաքացումը կուժեղացնի սոցիալական անհավասարությունը եւ եւս 100 մլն մարդու կհասցնի ծայրահեղ աղաքատության։ Ամենաշատը կտուժեն գյուղական զարգացող երկրների համայնքների բնակիչները, որոնք հազիվ թե կարողանան գլուխ հանել երաշտների եւ շոգի հետեւանքով բերքատվության նվազման պայմաններում։

Մարդկությունը հազիվ թե կարողանա ազդել այն բանի վրա, թե ինչպիսին կլինի աշխարհը 10 տարի անց։ Սակայն մենք դեռեւս ունենք հնարավորություն խուսափելու կլիմայի փոփոխությունների վատագույն հետեւանքներից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գլոբալ-տաքացում  


Վերնագիրի այլ պիտակները