Իլոն Մասկը զրպարտության գործով ԱՄՆ-ում դատարանի առաջ է կանգնել

20:56   04 Դեկտեմբեր 2019    208

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը բրիտանացի ջրասուզորդ Վերնոն Անսուորթի հասցեին զրպարտության գործով Լոս Անջելեսի դատարանի առաջ է կանգնել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ գործարարը ջրասուզորդին մանկապիղծ էր անվանել: Նիստի ընթացքում Մասկը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ ինքը չի հաստատել, որ Անսուորթը մանկապիղծ է: SpaceX-ի ղեկավարի փաստաբան Ալեքս Սփայրոն էլ ընդգծել է, որ խոսքը «վիրավորանքների մասին է, այլ ոչ թե փաստի արձանագրման»:

Իր հերթին, պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Մասկն ազդեցիկ մարդ է, և նրա գնահատականները կարող են որոշակի կշիռ ունենալ: Դատարանի նիստը կշարունակվի չորեքշաբթի, որտեղ սպասվում է, որ Մասկը նույնպես ցուցմունք կտա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անսուորթը մասնակցել է 2018-ի հունիսին Թաիլանդի քարանձավներից մեկից ջրհեղեղի հետևանքով կորած 12 երեխաների և նրանց մարզչի փրկարարական լայնածավալ աշխատանքներին: Նա հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը քարանձավում և թիմ հավաքելով՝ կարողացել է փրկել նրանց:

Մասկը և նրա SpaceX ընկերությունը Թաիլանդ էին ուղարկել սուզանավ: Անսուորթը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ սուզանավն անհնար էր օգտագործել, որ դա ընդամենը PR հնարք էր:

Դրանից հետո Մասկը ջրասուզորդին բազմիցս մանկապիղծ է անվանել: Ամերիկյան պարբերականների լրագրողներին ուղղված նամակներում Մասկն առաջ է քաշել այն տեսությունը, որ Անսուորթը հատուկ բնակություն է հաստատել Թաիլանդում, որպեսզի ամուսնանա անչափահասի հետ:

Քննադատության ֆոնին Մասկը ստիպված է եղել հեռացնել գրառումները և ներողություն խնդրել: Սակայն Անսուորթը դատի է տվել նրան և պահանջում է հերքել իրեն վարկաբեկող տեղեկությունները և որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 75 հազար դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները