Գրետա Տունբերգն այլընտրանքային Նոբելյան մրցանակի է արժանացել

12:29   05 Դեկտեմբեր 2019    249

Տասնվեցամյա շվեդ ակտիվիստուհի, բնապահպան Գրետա Տունբերգը դարձել է «Նպատակահարմար կենսաապահովման համար» մրցանակի դափնեկիրներից մեկը:

Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ Ստոկհոլմում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Գրետա Տունբերգը գրել է Twitter-ում:

Գրետան անձամբ ներկա չի գտնվել արարողությանը, քանի որ Մադրիդում մասնակցում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովին, սակայն ուղերձ է հղել հանդիսության մասնակիցներին:

Նշվում է, որ մրցանակը «լրացում» է նոբելյան անվանակարգերին, քանի որ դրանով նշանավորվում են այլ կարևոր ոլորտներում նվաճումները:

Աղջիկն ուղերձ է հղել արարողության մասնակիցներին, որում նշել է, որ մրցանակը երիտասարդական կլիմայական շարժման ճանաչում է:

«Պայքարը շարունակվում է, մենք երբեք կանգ չենք առնի»,- հայտնել է երիտասարդ ակտիվիստուհին:

Տունբերգը, որն այս տարի ավելի վաղ ներկայացվել էր խաղաղության Նոբելյան մրցանակի, մրցանակ է ստացել «Հրատապ կիլիմայական քայլերի վերաբերյալ ոգեշնչող և պահանջատեր քաղաքական կոչերի համար»:

Մրցանակի դրամական պարգևը կազմում է 105 հազար դոլար:

Մրցանակի առանձնահատկությունն այն է, որ մրցանակակիրները գումարը կարող են ծախսել հասարակական աշխատանքի վրա:

Տունբերգից բացի, մրցանակներ են շնորհվել նաև այլ անձանց՝ տարբեր ոլորտներում իրենց ունեցած ավանդի համար:

Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գրետա-Տունբերգ  


Վերնագիրի այլ պիտակները