Մերկելը դեկտեմբերի 9-ին առանձին հանդիպումներ կունենա և՛Պուտինի, և՛ Զելենսկիի հետ

17:09   06 Դեկտեմբեր 2019    563

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Նորմանդական ձևաչափով» փարիզյան գագաթաժողովի շրջանակում դեկտեմբերի 9-ին երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերը:

«Այս պահի դրությամբ, ժամը 15:00-ին ծրագրված է երկկողմ կարճատև հանդիպում Պուտինի հետ, իսկ 15:30-ին՝ Զելենսկիի: 16:00-ին կլինի աշխատանքային նիստ, իսկ 19:00-ին՝ մամուլի ասուլիս»,-ասել է Դեմմերը:

Միևնույն ժամանակ Դեմմերը չի կարողացել հստակեցնել՝ ինչ թեմաներ են քննարկելու Մերկելն ու Պուտինը:

«Ես չեմ կարող առաջ ընկնել իրադարձություններից»,-նշել է նա՝ ավելացնելով որ «քննարկման ենթակա հարցերի շրջանակը բավական լայն է»:

Դեկտեմբերի 4-ին Մերկելն ասել էր, որ պատրաստվում է բարձրացնել օգոստոսի վերջին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հարցը: Գերմանիայի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի պետական կառույցների առնչությունն այդ սպանությանը:

Դեմմերը, պատասխանելով այն հարցին, թե Բեռլինն ինչ ակնկալիքներ ունի գագաթաժողովից, նշել է, որ իրենց կառավարությունը խաղաղ գործընթացի շրջանակում նոր իմպուլսի և հետագա քայլերի շուրջ համաձայնության ակնկալիքներ ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Պուտին   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները