Թրամփը մեքսիկական նարկոկարտելներն ահաբեկչական կազմակերպություններին հավասարեցնելու մտահղացումը հետաձգել է

11:01   07 Դեկտեմբեր 2019    390

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել հետաձգել մեքսիկացի նարկոկարտելներն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մտադրությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:

«Մեքսիկական նարկոկարտելներն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու ուղղությամբ անհրաժեշտ ողջ աշխատանքն ավարտված է: Մենք պատրաստ ենք անել դա օրենքի համաձայն, սակայն Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի՝ մի մարդու խնդրանքով, ում ես հավանում և հարգում եմ, ով այդքան լավ մեզ հետ աշխատեց, մենք ժամանակավորապես հետաձգում ենք փոփոխությունը և ակտիվացնում ենք մեր համատեղ ուժերը, որ վճռականորեն հաղթենք այդ դաժան և արագ աճող կազմակերպություններին»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են «մոտ ապագայում» մեքսիկական նարկոկարտելները հավասարացնել ահաբեկչական խմբավորումներին: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Բիլ Օ'Ռեյլիին տված հարցազրույցում:

«Ես չեմ ասի, որ ծրագրում եմ անել դա, բայց նրանց այդ կարգավիճակը (խմբ.՝ ահաբեկչական խմբավորումներ) կտրվի»,-երկրի ղեկավարի խոսքերը մեջբերել է Bloomberg-ը:

Թրամփը մանրամասնել է, որ այս հարցի շուրջ ինքը աշխատել է վերջին 90 օրերի ընթացքում:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանային պատի ստուգման ժամանակ կառուցվող շինությունն «անվտանգության՝ համաշխարհային մակարդակի համակարգ» էր անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները