«Ես պատմություն կերտեցի». 120 000 դոլար արժողությամբ «արվեստի գործ» բանանը կերած վրացին մեկնաբանել է արարքը

15:16   10 Դեկտեմբեր 2019    242

Ծագումով վրացի արվեստագետ Դավիթ Դաթունան, որն օրեր առաջ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Մայամիում Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում 120 000 դոլարանոց բանանն ուտելու համար, մեկնաբանել է իր արարքը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Դաթունան մանրամասնել է, որ կպչուն ժապավենով սպիտակ պատին ամրացված սովորական բանանը, որը գնվել էր 120 000 դոլարով, կերել է քաղցած լինելու պատճառով:

«Այն սովորական համ ուներ, բայց արժեր այն ուտել, քանի որ ես այդ արարքով պատմություն կերտեցի»,-պատմել է Դաթունան, որը միջոցառման այցելուների զարմացած հայացքների ներքո կերել է «արվեստի գործը»:

Վրացու համոզմամբ՝ իր արածն ամենևին էլ վանդալիզմի ակտ կամ արվեստի գործի հեղինակի՝ իտալացի Մաուրիցիո Կատելանի նկատմամբ անհարգալից դրսևորում չէր:

«Ես նրան շատ եմ հարգում, նա աշխարհում լավագույններից է: Կարծում եմ՝ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի արտիստն ուտում է մյուսի կոնցեպտը: Ուստի՝ դա վանդալիզմ չէր, այլ արտ փերֆորմանս՝ իմ կողմից: Ներկայացումը կկոչեմ «Քաղցած արվեստագետը»»,-ասել է Դաթունան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները