Օսլոյում Եթովպիայի վարչապետին է հանձնվել 2019-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը

22:18   10 Դեկտեմբեր 2019    488

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2019 թվականի դափնեկիր, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին հանձնել են իր մրցանակը:

Երեքշաբթի կայացած արարողությունը, որին ներկա էին նորվեգական թագավորական ընտանիքն ու կառավարության անդամները, ավանդույթի համաձայն, անցկացվել է Օսլոյի քաղաքապետարանի շենքում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ТАСС-ին, կարմիր ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված բեմում Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի նախագահ Բերիտ Ռայս Անդերսենը Եթովպիայի վարչապետին է հանձնել մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի պատկերով ոսկե մեդալը և վկայականը: Աբիյը մրցանակին արժանացել է «Էրիթրեայի հետ 1998-2018 թվականներին ձգված սահմանային հակամարտության կարգավորման հարցով» նախաձեռնության համար:

Շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելի վերջին կամքի համաձայն՝ խաղաղության մրցանակը, ի տարբերություն իր անունը կրող մյուս մրցանակների, հանձնվում է Օսլոյում: Նոբելի կտակի համաձայն՝ խաղաղության մրցանակի շնորհման որոշումը պետք է կայացնի 5 մարդուց կազմված հանձնաժողովը, որոնց նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը: Հանձնաժողովում պետք է ընդգրկվեն քաղաքականության ոլորտի վաստակավոր գործիչներ և երկրի կուսակցությունների նախկին ղեկավարներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օսլո   Եթովպիա  


Վերնագիրի այլ պիտակները