Բեյրութի կենտրոնում անկարգությունները դադարել են. ՌԻԱ Նովոստի

14:17   12 Դեկտեմբեր 2019    323

Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունները դադարել են, անվտանգության ուժերն ամբողջովին վերահսկում են իրավիճակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցներից մեկը:

Ավելի վաղ ոստիկանական ուժերը ներդրել էին բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտան շիական կուսակցությունների կողմնակիցներին ներխուժել Բեյրութի կենտրոնական հրապարակներ, որտեղ տեղակայված են խաղաղ ցուցարարների վրանները: Ագրեսիվ տրամադրված մարդկանց խմբերը ոստիկանության ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել:

«Արդեն ամեն ինչ հանգիստ է: Ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Լիբանանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությանը հաջողվել է ցրել շիական կուսակցությունների կողմնակիցներին: Սակայն անկարգությունների պատճառով վնասվել են կայանված մեքենաները:

Խաղաղ ցուցարարների և ոստիկանների շարքերում տուժածներ կան: Ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները շարունակում են մնալ բարձր պատրաստության վիճակում:

Շիական կուսակցությունների կողմնակիցներն առաջին անգամ չէ, որ հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա Բեյրութում և այլ քաղաքներում: Նախորդ դեպքերում շիաները մահակներով քանդում և վառում էին խաղաղ ցուցարարների վրանները և ծեծի ենթարկում նրանց:

Լիբանանում հոկտեմբերի 17-ից հակակառավարական ցույցեր են անցկացվում: Չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումները շարունակվում են: Երկրում տնտեսական և ֆինանսական իրավիճակը շարունակում է ճգնաժամային մնալ: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ երկիրը տառապում է ֆինանսական շրջափակումից և պատժամիջոցներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները