Աթամբաևը ծրագրում էր իշխանության բռնազավթում՝ անկարգությունների հաշվին

16:44   12 Դեկտեմբեր 2019    373

Բիշքեկում զանգվածային անկարգությունները հետաքննող պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն իր ձերբակալման հատուկ գործողության ժամանակ պատրաստվում էր իշխանության բռնի զավթում իրականացնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է РИА Новости-ն:

Ղրղզստանի հատուկ ծառայություններն օգոստոսի 7-8-ը մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քոյ Թաշ գյուղում գտնվող Աթամբաևի կեցավայրում հատուկ գործողություն են անցկացրել՝ նախկին նախագահին ձերբակալելու նպատակով: Նրանք հատուկ միջոցներ են կիրառել նախկին նախագահի կողմնակիցների նկատմամբ, Աթամբաևի կողմնակիցներն էլ պատասխան կրակ են բացել: Առաջին օրը նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել: Բացի այդ, 6 հատուկջոկատայիններ պատանդ էին վերցվել Աթամբաևի կողմնակիցների կողմից: Հաջորդ օրը հատուկջոկատայինների և Աթամբաևի կողմնակիցների միջև բախումը վերսկսվել է և տևել մինչ առավոտ՝ չնայած նրան, որ Աթամբաևն արդեն հանձնվել էր ուժայիններին: Առողջապահության նախարարության տվյալներով՝ հատուկ գործողության շրջանակում տուժել է 136 մարդ, մեկ հատուկջոկատային զոհվել է:

«Աթամբաևը, վարկաբեկելով պետական իշխանությանը, ստեղծելով կեղծ տպավորություններ հասարակության մեջ բողոքական տրամադրությունների առկայության մասին, որպեսզի ստանա միջազգային աջակցություն, իշխանության բռնազավթում էր ծրագրում»,-ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ, որը Ղրղզստանի խորհրդարանում այսօր կայացած նիստի ընթացքում ընթերցել է պատգամավոր Տընչտըք Շայնազարովը:

Հանձնաժողովի եզրակացությունների համաձայն՝ Աթամբաևը պատրաստվել էր զինված պատասխան տալ ուժայիններին հատուկ գործողության ընթացքում, կազմակերպել տարատեսակ սադրանքներ, այդ թվում՝ իր կողմնակիցների շրջանում հնարավոր զոհերի գնով, որոնք պետք է մոբիլիզացնեին ժողովրդին՝ իշխանության դեմ բողոքելու համար:

«Հետագայում ծրագրվում էր իշխանության բռնազավթում՝ անկարգությունների հաշվին»,-եզրակացրել է հանձնաժողովը:

Հանձնաժողովը ստեղծելու մասին հրամանն օգոստոսի 29-ին ստորագրել էր Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալըյ Աբըլգազիևը:

Հանձնաժողովում, որը ղեկավարում է փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, ներգրավված են նաև պատգամավորներ, փորձագետներ, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովն անցկացրել է 11 նիստ:

2017 թվականին Ղրղզստանի խոշորագույն խորհրդարանական կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Աթամբաևն ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնը զիջեց իր մերձավոր դաշնակից Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմակիցների նկատմամբ սկսեցին քրեական գործեր հարուցվել: Աթամբաևին սկսեցին մեղադրել ծանր հանցագործությունների համար: Անձամբ Աթամբաևը բազմիցս հայտարարել է, որ իր և իր քաղաքական կողմնակիցների նկատմամբ հնչող մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աթամբաև  


Վերնագիրի այլ պիտակները