Տեղի է ունեցել Յուրի Լուժկովի վերջին հրաժեշտի արարողությունը

17:03   12 Դեկտեմբեր 2019    375

Մոսկվայի Փրկչի տաճարում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Յուրի Լուժկովի վերջին հրաժեշտի արարողությունը, որը 1992-2010 թվականներին զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը:

Հրաժեշտի արարողությանը, ի թիվս այլոց, ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա անձամբ ցավակցություն է հայտնել Լուժկովի ընտանիքին՝ այրի Ելենա Բատուրինային, դուստրերին ՝ Ելենային և Օլգային: Լուժկովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը, գրում է meduza.io-ն:

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կյանքից հեռացել է դեկտեմբերի 10-ին: РЕН ТВ-ի տվյալների համաձայն՝ Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում, որտեղ նրան սրտի վիրահատության էին ենթարկել:

ՌԴ նախագահն իր ցավակցությունն էր հայտնել Յուրի Լուժկովի հարազատներին և մտերիմներին՝ նրան անվանելով վառ և խիզախ քաղաքական գործիչ, իսկական քաղաքապետ:

«Յուրի Միխայիլովիչ Լուժկովն իրապես ոչ սովորական մասշտաբի անձնավորություն էր: Նա վառ և խիզախ քաղաքական գործիչ էր, էներգետիկ և տաղանդավոր կազմակերպիչ, բաց և կենսուրախ մարդ: Իսկական մայրաքաղաքի քաղաքագլուխ, որին հարգում և վստահում էին մոսկվացիները: Դժվար տարիներին, պատմական դարաշրջանների բախման ժամանակ, նա շատ բան է արել Մոսկվայի զարգացման համար»,-ասված է ցավակցական հեռագրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յուրի-Լուժկով  


Վերնագիրի այլ պիտակները