Ռուսական հետք. Թրամփի փաստաբանի գործընկերը 1 մլն դոլար է ստացել ՌԴ-ից

19:48   12 Դեկտեմբեր 2019    415

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի գործընկեր Լև Պառնասն ընթացիկ տարվա սեպտեմբերին 1 մլն դոլար է ստացել ռուսական հաշվեհամարից:

Այս մասին գրում է bloomberg.com-ը՝ մանրամասնելով, որ գումարը ստանալուց մեկ ամիս հետո ամերիկյան իշխանությունները Պառնասին մեղադրել են օտարերկրյա ծագում ունեցող գումարներն ամերիկյան քաղաքական արշավներում օգտագործելու համար: Դատախազությունը նշել է, որ Պառնասը խոշոր վճարման մասին դաշնային իշխանություններին ոչինչ չի հայտնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը նկատում է, որ 1 մլն դոլար վճարումը նոր սադրիչ հարցեր է բարձրացնում առ այն, թե Պառնասն ու իր գործընկեր Իգոր Ֆրումանն ինչ բնույթի աշխատանք են կատարել և ում համար: Նշվում է, որ Պառնասն ու Ֆրումանն աշխատել են Ուկրաինայի կառավարության մեկ կամ մի քանի պաշտոնյաների համար, և նրանց գործունեությունն ուղղված է եղել Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի պաշտոնից հեռացմանը: Այնուհանդերձ՝ նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:

Ինչ վերաբերում է ռուսական հաշվից ստացած 1 մլն դոլարին, ապա գումարը փոխանցվել է այն ամիս, երբ Պառնասն ու Ֆրումանն Ուկրաինայում Թրամփի վարչակազմի գործունեությունը հետաքննող կոնգրեսական հանձնաժողովների փաստաթղթերի փոխանցման վերաբերյալ առաջին հանձնարարականն են ստացել: Ի սկզբանե Պառնասն ու Ֆրումանը մերժել են առաջարկը, սակայն մի քանի օր անց, երբ փորձել են Վիեննա մեկնել, ձերբակալվել են:

Բացի այդ, Պառնասն ու Ֆրումանը մեղադրվում են ՌԴ անանուն քաղաքացուց գումար վերցնելու և այն քաղաքական նվիրատվություններին ուղղելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ այդ գումարները տրվել են այն նպատակով, որպեսզի պետական և դաշնային պաշտոնյաներն աջակցեն մարիխուանայի մանրածախ վաճառքի բիզնեսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները