Ղրղզստանի նախկին նախագահին մեղադրել են հատուկջոկատայինի սպանության համար

14:16   13 Դեկտեմբեր 2019    358

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության պետական կոմիտեի «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակցի սպանության համար, որը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին Քոյ Թաշ գյուղում Աթամբաևի տանը նախագահին բերման ենթարկելու համար ուժայինների կազմակերպած գործողության շրջանակներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է Աթամբաևի փաստաբան Զամիր Ժոոշեվը:

«Աթամբաևին տեղեկացրել են, որ նա կասկածվում է «Ալֆա» հատուկ ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Ուսենբեկ Նիյազբեկովի սպանության համար: Քննության տվյալներով՝ (Ազգային անվտանգության) աշխատակիցը սպանվել է Դրագունովի դիպուկահար հրացանից արձակված կրակոցի հետևանքով: Բայց ավելի վաղ էլ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նրան կրակել են АК-47 ինքնաձիգից: Ակնհայտ է, որ քննչական մարմինները հակասում են իրենք իրենց»,- հայտարարել է Ժոոշեվը:

Փաստաբանի խոսքով՝ «Ալֆա» ջոկատի աշխատակիցները Քոյ Թաշում իրականացրել են «Ազգային անվտանգության պետական կոմիտեի հանցավոր հրամանը»: «Կասկածյալին հարցաքննության տանելու համար պարտադիր չէ գործողություններ կազմակերպել հատուկջոկատայինների մասնակցությամբ, որոնց գործառույթը լրիվ ուրիշ է: Հիմա ամեն ինչ ուզում են գցել Աթամբաևի վրա»,-ընդգծել է փաստաբանը:

Ղրղզստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նախկին նախագահին բերման ենթարկելուց հետո նրա տանը գտնվել է 8 միավոր զենք, այդ թվում՝ Դրագունովի դիպուկահար հրացան, որը պատկանում էր հենց Աթամբաևին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները